Օլյա Հակոբյանը՝ իր եւ Տիգրան Խանջարյանի հարաբերությունների ու նոր տեսահոլովակի մասին




Օլյա Հակոբյանը վերջ է դնում իր եւ երգիչ Տիգրան Խանջարյանի սիրավեպի մասին խոսակցություններին։ Խորհրդավոր լուսանկարներից հետո պարզ դարձավ, որ դերասանուհին նկարահանվել էր երգչի «Սիրո կարոտ» տեսահոլովակում, որն արդեն թողարկվել է։ Մեղեդային ստեղծագործության կադրերում դերասանուհին եւ երգիչը մարմնավորում են սիրահար զույգի։ Քանի դեռ ռոմանտիկ կադրերը նոր թափ չեն հաղորդել քննարկումներին եւ եզրակացություններին, NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Օլյա Հակոբյանի հետ՝ զրուցելու համագործակցության եւ շրջանառվող լուրերի մասին։

«Այո, շատ լուրեր էին պտտվում, որ սա ավելին է, քան համագործակցություն, բայց ոչ։ Մենք շատ լավ ընկերներ ենք՝ անկախ շրջանառվող խոսակցություններից, եւ այս համագործակցությունն էլ ընկերության հիման վրա է ստեղծվել։ Փորձել ենք անել մի բան, որը կլիներ ճաշակով, սիրուն, ու գոհ ենք արդյունքից»,-նշեց դերասանուհին։

 
Օլյան հավելեց, որ ինքն ու Տիգրանը ծանոթացել էին քովիդի համաճարակի ժամանակ․ «Այդ շրջանում ինքը Բելգիայից կիսվում էր տեսանյութերով, որոնցում երգում էր պատշգամբում։ Մենք օնլայն ծանոթացանք եւ որոշեցինք միասին ուղիղ եթերներ անել, այս տեսահոլովակն էլ արդեն մեր տարիների ընկերության արդյունքն է»։

«Սիրո կարոտ» երգի խոսքերի հեղինակը Մհեր Պետրոսյանն է, երաժշտությունը գրել է Վարդան Գալստյանը, ռեժիսոր՝ Հովհաննես Ղազարյան։