Լրահոս

«Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը շատ վաղուցվանից է քննարկվում». Լուսինե Բադալյան

 


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում հայտարարել է՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ հարցը քննարկվում է։

«Ինչ որոշում կլինի, արդեն համապատասխան գերատեսչությունները այդ մասին հայտարարություն կանեն»,- ասել է Բադալյանը՝ հավելելով՝ Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը շատ վաղուցվանից է քննարկվում։

«Նույնիսկ ԱԺ լիագումար նիստերի ընթացքում է հարցը բարձրացվել, հանրությունը տեսել է։ Ամեն անգամ, երբ հեռուստատեսությանը վերաբերող հարց է քննարկվում, միշտ, պարտադիր այդ հարցը բարձրացվել է»,- ասել է նա։

Բադալյանը ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը, որը ըստ նրա, հակահայկական է, համարել է «սպառնալիք պետության անվտանգությանը»։

«Կարծում եմ, որ ինչ-որ քայլեր կանեն, որովհետև երբ ինչ-որ բան սպառնում է պետության անվտանգությանը, ապա այդ քայլերն անպայման պիտի արվեն՝ անկախ նրանից՝ դրանք օգուտ կտան, թե օգուտ չեն տա»,- ասել է ՔՊ-ականը։