«Միսս Երեւան 2021» ԷմմանուԷլլա Գրիգորյանը Բանգկոկի մոլում է եղել այնտեղ տեղի ունեցած կրակոցների ժամանակ

Նախօրեին լրատվամիջոցները հայտնեցին Բանգկոկի Siam Paragon մոլում տեղի ունեցած հրաձգության մասին։ «Միսս Երեւան 2021» Էմմանուէլլա Գրիգորյանն ինստագրամյան իր էջում հայտնել էր, որ այդ պահին ինքը եւս եղել է առեւտրի կենտրոնում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էմմանուէլլան մանրամասներ ներկայացրեց դեպքից։
Մոդելը նշեց, որ մոլ էր գնացել ամուսնու, փոքրիկ դստեր եւ մայրիկի հետ։
«Որոշել էի մայրիկիս ու դստերս հետ գնալ այնտեղ՝ ժամանց անցկացնելու։ Մեզ ուղեկցում էր նաեւ ամուսինս։ Նա մեզ մուտքի մոտ ճանապարհեց, իսկ ինքը գնաց ավտոմեքենան կայանելու։ Մի փոքր առաջ անցանք մուտքից՝ Ակվարիումի տոմսեր գնելու։ Ամուսինս միացավ մեզ, եւ 5 րոպե անց լսեցինք կրակոցի ձայներ։ Սկզբում չհասկացանք, թե ինչ էր կատարվում։ Հետո նկատեցինք, որ բոլոր մարդիկ վազում էին։ Մի կին ինձ վախեցած ասաց՝ «երեխային պահիր, իջացրու ներքեւ», ու այդ պահին հասկացա, որ, իսկապես, կրակում էին»,-պատմում է Էմմանուէլլան՝ հավելելով, որ փախչելու փոխարեն պատսպարվել էին մոլի սրահներից մեկում։
«Երբ ամեն ինչ խաղաղվեց, դուրս եկանք։ Իրականում, ավելի շատ երեխայիս համար էի վախեցել»,-ասում է մոդելը։
Ինչպես գրում է BBC-ն, Բանգկոկի Siam Paragon-ում տեղի ունեցած կրակոցներն արձակվել են 14-ամյա տղայի կողմից, ինչի հետեւանքով կա 2 զոհ եւ 5 վիրավոր։ Կասկածյալի գործողության պատճառը դեռեւս բացահայտված չէ։