Լրահոս

«Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը ընտրվել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի կողմից




Սեպտեմբերի 8-ից 16-ը Նովոռոսիյսկում կայացավ «Թատերական նավահանգիստ» հինգերորդ միջազգային փառատոնը, որն այս տարի իրականացվում էր ՌԴ Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի դրամաշնորհով։ Tert.am Life ներկայացնում է մանրամասները:

Այս փառատոնն իր ծրագրով, դարձավ քաղաքի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձությունը։ «ՀԱՅՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի Նովոռոսիյսկ էր տարել Հայաստանի երգի պետական թատրոնի «Ցուրտ օր դժոխքում» մոնոդրաման։ Ամերիկացի հեղինակ Յան Քաուքենբուշի պիեսի հայկական պրեմիերան կայացել է դեռևս մայիսի 20-ին Երևանում։ Բեմականացման հեղինակն ու պրոդյուսերը Հրաչ Քեշիշյանն է, գլխավոր և միակ դերակատարը՝ Ներսես Ավետիսյանը։

Մոնոդրաման մի հուսահատ տղամարդու՝ Չարլիի խոստովանություն-բողոքն է աշխարհին։ Կինը՝ Բեթթին կոմայի մեջ է և Չարլիին կրծում է մեղքի կրկնակի զգացողությունը և նրա կյանքը մի անվերջանալի օր է դժոխքում։

«Ներսես Ավետիսյանի խաղը խոսուն է անգամ օտարալեզու հանդիսատեսի համար։ Ներսեսի կերտած կերպարի տրամադրության փոխակերպումները ժամանակակից իրականության լավագույն արտացոլումն են: Եվ ինչպես հերոսն է ասում, մարդիկ տառապում են, քանի որ օգնության կարիք ունեն, անկախ նրանից հարուստ են, թե աղքատ։ Ու չկա որևէ աղքատ մարդ, որն ավելի լավն է, քան հարուստը, միայն այն պատճառով, որ նա աղքատ է։ Բեմականացումը փորձ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու կյանքի անարդարությունները, իսկ շատ հաճախ դրանք ցայտուն են, երբ սեփական կյանքը վերածվում է դժոխքի։ »,- ասում է Հրաչ Քեշիշյանը:

Նշենք, որ փառատոնի շրջանակում ներկայացումը խաղացվեց երկու անգամ։ Թեեւ ներկայացումը ուղեկցվում էր լուսագրային թարգմանությամբ, բայց այնուամենայնիվ Ներսես Ավետիսյանի կարծիքով՝ սա շատ հետաքրքիր փորձ էր, հասկանալու, թե ինչպիսին կլինի հայերեն չհասկացող հանդիսատեսի արձագանքը։

«Հուսանք, որ փորձը հաջողված է և ստացվեց շարժել մարդկանց սրտերը ու կոտրել լեզվական անջրպետը»,- նշեց դերասանը:

Հրաչ Քեշիշյանն էլ հավելեց, որ ներկայացումն ունի մեծ պոտենցիալ և նրան սպասվում է գեղեցիկ փառատոնային ընթացք։

Նշենք նաև, որ «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը ընտրվել է նաև «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի կողմից և հոկտեմբերի 3-ին Հայաստանի երգի պետական թատրոնի բեմում այն կներկայանա արդեն փառատոնի շրջանակում: