Լրահոս

«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը պատմել է իրեն հետապնդող աղջկա մասին ու ցուցադրել անվտանգության տեսախցիկների կադրերը



«Եվրատեսիլ 2009»-ում Նորվեգիայի ներկայացուցիչ եւ հաղթող Ալեքսանդր Ռիբակը հետեւորդներին ներկայացրել է իր տան անվտանգության տեսախցիկների արձանագրությունը, որոնցում պատկերված է մի աղջիկ, որն, ըստ երգչի, մեկ տարուց ավել իրեն հետապնդում է։ Fairy Tale հայտնի երգի կատարողը նշել է․ «Ես եւ նա ժամանակին գործընկերներ էինք, անգամ՝ ընկերներ, մինչեւ այն պահը, երբ նա սկսեց տարվել ինձանով, ու սկսվեց այս ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգությունը»,-Instagram-ում արված հրապարակմանը կից գրել է երգիչը՝ հավելելով, թե աղջկա պնդումներն այն մասին, որ ինքը սպառնացել է նրան, չեն համապատասխանում իրականությանը,-«Ես, պարզապես, ասել եմ նրան, որ ոստիկանություն կդիմեմ, ինչը եւ արել եմ»։


«Եվրատեսիլ 2009»-ի հաղթողը նշել է, որ մի քանի անգամ զգուշացրել է իրեն հետապնդող աղջկան իրեն հանգիստ թողնել, սակայն «ամեն ինչ ավելի է վատացել»։

«Ես ավելի քան 8000 նամակ եմ ստացել նրանից, որոնք գրված են կեղծ հաշիվներից։ Նա ասում է, թե ես տեսանյութեր ունեմ, որոնցում ինքը մերկ է, ինչը ինքն էլ գիտի, որ սուտ է։ Սա, պարզապես, զրպարտություն է, որը նա տարածում է ուշադրություն գրավելու համար։ Փոխարենը իմ տան անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է նա պտտվում տանս շուրջ»։

Երգիչն, այնուամենայնիվ, չի ցանկացել նշել աղջկա անունը, բայց շեշտել է՝ «Այս անձը վտանգավոր է թե իր, թե շրջապատի համար»։

Լուսանկարը՝ Wiwibloggs-ից