Լրահոս

«Էլի լավա»-ն, Արամ Մելիքյանը, Նորո Նիկոյանը, Դավիթ Բեյբությանը, Օնո Մանուկյանը և այլ հումորիստներ՝ «Reality comedy» հումորային նոր նախագծում




Արամ Մելիքյանն իր ստեղծագործական թիմի հետ հեռուստադիտողի դատին է հանձնելու նոր հումորային նախագիծ, որը կոչվում է «Reality comedy»: Նախագծի առաջին թողարկումը հասանելի կլինի կիրակի՝ 20:00-ին Շանթ հեռուստաընկերության եթերում: Երեկ կայացել է հեռուստանախագծի առաջին թողարկման նկարահանումները, որին նաև ներկա էր Tert.am Life-ը: Ներկայացնում ենք առաջին մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները:

Նախագծի պրոդյուսեր Արամ Մելիքյանն այս հեռուստանախագծում նաև ներկայանալու է որպես հաղորդավար, չնայած նրա երկար տարիների հանդիսավարական փորձին, որպես հաղորդավար նա ներկայանում է առաջին անգամ: Մեզ հետ զրույցում Արամ Մելիքյանը խոսել է նախագծի ստեղծման պատմության և առանձնահատկությունների մասին:
«Ինչպես գիտենք «Հումորի լիգա» 4-րդ եթերաշրջանի հաղթողն է «Էլի լավա» թիմը, որի հետ ցանկանում էինք իրականացնել նոր հումորային հեռուստանախագիծ, բայց տղաները չունեին երկար տարիների փորձ հումորային ոլորտում, ինտենսիվ չէին աշխատել տեսախցիկի հետ և այսպես շարունակ ու որոշեցինք, որ պետք է անել նոր հումորային նախագիծ, որում կլինի, թե՛ «Էլի լավա» թիմը, թե՛ հումորային ոլորտի այլ ներկայացուցիչներ, որոնց հանդիսատեսը հասցրել է ճանաչել տարբեր նախագծերից»,- ասաց Արամ Մելիքյանը:

Պրոդյուսերը նշեց, որ նախագիծն ունի առանձնահատկություններ և հանդիսատեսն ու հեռուստադիտողը կարողանալու են տեսնել, թե ինչպես են ստեղծվում հումորները, ինչպես են արվում փորձերն ու այսպես շարունակ:

«Մենք ունենք էջեր տարբեր սոցիալական հարթակներում և այնտեղ հրապարակվելու են կադրեր մեր փորձերից, հանդիպումներից և օգտատերերը կարողանալու են տեսնել, թե ինչպես են ստեղծվում համարները, ինչպես են ընթանում փորձերն ու այսպես շարունակ և հենց այս հանգամանքով պայմանավորված կոչվում է «Reality comedy»»,- նշեց նա:

Մինչ թողարկման նկարահանումը ետնաբեմում իրական իրարանցում էր, չնայած ռեզիդենտներից շատերն ունեն հեռուստատեսային փորձ, աշխատել են հումորային ոլորտում, բայց, այնուամենայնիվ նրանք ևս փաստեցին, որ առկա է լարվածություն: Թողարկումների ընթացքում հեռուստադիտողը տեսնելու է տարբեր ռեզիդենտների, բայց առաջին թողարկման բացումն անում են հենց «Էլի լավա» թիմի անդամները, որոնց հեռուստադիտողը հասցրել է ճանաչել «Հումորի լիգա» հեռուստանախագծից: Առաջին ելույթից հետո մեզ հետ զրույցում թիմի անդամներից Էդմոնդը նշեց, որ բոլորն էլ ունեին հաճելի հուզմունք և կարոտել էին բեմում աշխատանքը:

«Մենք հումորիստներ չենք, բայց ակնհայտորեն ձգտում ենք այդ կոչմանն ու ուրախ ենք, որ այս նախագծում լինելու են տարբեր փորձարկումներ և հենց 2-րդ թողարկման ժամանակ հեռուստադիտողը տեսնելու է, որ մենք բեմում ոչ թե 4-ով ենք, այլ 5-ով և սա շատ հետաքրքիր փորձ է մեզ համար: Մենք հաճելիորեն զարմացած ենք հանդիսատեսի արձագանքից, որ մեզ հասկացան, ընկալեցին, ընդունեցին և սիրեցին, սկսեցին դրսում մոտենալ ու քաջալերել: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք արդարացնել հանդիսատեսի սպասումները»,- ասաց նա:

Նախագծի գեղարվեստական ղեկավարը՝ Արսեն Հարությունյանը նշում է, որ հետագայում հեռուստադիտողը հաճախ է տեսնելու փորձարկումներ, նոր կերպարներ և նոր հումորներ:

«Երբ աշխատում ենք հումորների, տեսարանների և համարների վրա մենք իհարկե ենթադրում ենք, թե ինչպիսի արձագանք կստանանք, բայց այս նախագծում մենք պատրաստվում ենք շատ էքսպերեմենտներ անել, որպեսզի թարմություն բերենք ասպարեզ, չնայած «Էլի լավա» թիմն իրենով նորություն է հեռուստաասպարեզում: Այսօր ևս հետաքրքիր է, որ մի շարք հումորների վրա արձագանքը սպասվածից բուռն էր, բայց հետաքրքիր է, որ փորձառկումները ևս դրական ընդունվեցին: Մենք ունենք հիմանական 3 հոգուց բաղկացած տղաների թիմ. Նորայր Նիկոյան, Օնիկ Մանուկյան և Դավիթ Բեյբության և նախկինում նրանք միասին չէին աշխատել, բայց այս նախագծում նրանք բեմում են լինելու հենց այդ կազմով»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Ետնաբեմում առաջին ելույթից հետո նրանք պատրաստվում էին հաջորդ համարին, իսկ մեզ հետ զրույցում նշեցին, որ հաճելի էր հանդիսատեսից ստանալ նման արձագանք և էմոցիաներ: Նորայր Նիկոյանը «Հումորի լիգայի» 2-րդ եթերաշրջանի հաղթող թիմից է, բայց այս շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում:
«Տևական ժամանակ է ինչ զբաղվում եմ հումորով, բայց սոցիալական հարթակներում, իսկ բեմում աշխատանքը միևնույն է այլ մակարդակ է, երբ դու զգում ես հանդիսատեսի հույզերը, էմոցիաները, կարողանում ես «շոշափել» նրա արձագանքն ու հասկանալ՝ ինչ են սպասում ձեզնից»,- ասաց Նորայր Նիկոյանը:

Օնիկ Մանուկյանին հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստանախագծերից և մեզ հետ զրույցում նա պատմեց մյուս ռեզիդենտների հետ աշխատանքի մասին:
«Ես անհատապես աշխատել եմ, թե՛ Դավիթի, թե՛ Նորոյի հետ, բայց հետաքրքիր փորձ էր, որ մենք աշխատելու ենք 3-ով և կարծում եմ, որ այս եռյակը ստացված է, չնայած մեր խաղն ու մոտեցումը տարբեր է և ունենք հումորի տարբեր ընկալումներ կարծում եմ, որ արձագանքը փաստեց նրա մասին, որ այս մոտեցումն ու հումորի ոճը սիրվեց: Երկար ենք աշխատել, քանի որ այստեղ մենք ունենք «կերպարանափոխություններ» և անընդհատ իրավիճակների փոփոխություններ, բայց, քանի որ «Ուրախների և Հնարամիտների Ակումբ»-ում աշխատել ենք դա օգնում է մեզ»,- նշեց Օնիկ Մանուկյանը:

«Հումորի լիգայի» 4-րդ եթերաշրջանի եզրափակչում էր նաև Դավիդ Մանուկյանը և ժյուրին նշում էր, որ նա այս ասպարեզում դեռ ասելիք ունի, որն ասում է հենց այս նախագծում:
«Չնայած դադարը կարճատև էր, բայց հասցրել էի կարոտել այս բեմն ու այս աշխատանքն, իսկ տղաների հետ շատ հեշտ ենք աշխատել և բոլորս էլ գիտենք, թե ուր ենք շարժվում և ինչ ենք ցանկանում այս ամենից: «Հումորի լիգայի» ավարտից հետո ես ստացա աշխատանքն ու սկսել ենք ստեղծագործել, իսկ հետագայում անելու ենք ավելին»,- եզրափակեց Դավիթ Բեյբությանը:

Նախագծում նաև ներգրավված են այլ ռեզիդենտներ, մասնավորապես՝ Նինա Տիտանյանը, Գուգո Մնացականյանը, Վզգոն, Լևոն Խաչատրյանը և այլք: Ինչպես նշել ենք հեռուստանախագծի առաջին թողարկումը լինելու է հոկտեմբերի 29-ին՝ 20:00-ին Շանթ հեռուստաընկերության եթերում: