Լրահոս

«Ընկերներ»-ի աստղերը վերջին հրաժեշտը տվեցին սերիալում եւ կյանքում իրենց ընկերոջը՝ Մեթյու Փերիին




Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ընկերներ» սերիալի աստղ Մեթյու Փերիի մասնավոր հուղարկավորությունը։ 54-ամյա դերասանին վեց օր առաջ մահացած էին գտել Լոս Անջելեսի իր տանը՝ տաք լոգարանում:

Փերին հուղարկավորվել է Լոս Անջելեսի Forest Lawn գերեզմանատանը:

Մասնավոր արարողությանը ներկա են եղել դերասանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները, այդ թվում՝ նրա մայրը, հայրը եւ խորթ հայրը:

Ինչպես գրում է Daily Mail-ը՝ «Ընկերներ» սերիալի մյուս աստղերը՝ 54-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը, 60-ամյա Լիզա Քուդրոուն, 59-ամյա Քորթնի Քոքսը, 57-ամյա Դեյվիդ Շվիմերը եւ 56-ամյա Մեթ Լեբլանը արարողությանը ժամանել են միասին։ Նրանք բոլորը սեւ կոստյումներով էին եւ շատ տխուր, երբ պատրաստվում էին վերջին հրաժեշտը տալ Փերիին:





Գերեզմանատունը գտնվում է Warner Bros ստուդիայի դիմաց, որտեղ նկարահանվել են «Ընկերներ»-ի բոլոր 10 եթերաշրջանները։ Այս վայրը նաեւ հանգրվան է, այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Քերի Ֆիշերը, Բեթ Դեւիսը, Սթեն Լորելը, Բասթեր Քիթոնը, INXS-ի ֆրոնթմեն Մայքլ Հաթչենսը, Փոլ Ուոքերը, Բրիտանի Մերֆին եւ Էն Հեչեն։

Ավելի վաղ՝ CNN-ին տրամադրված համատեղ հայտարարության մեջ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Դեյվիդ Շվիմերը եւ Մեթ Լեբլանը գրել էին. «Մենք անասելի ջախջախված ենք Մեթյուի կորստից: Նկարահանման հրապարակում մենք ավելին էինք, քան, պարզապես, գործընկերներ: Մենք ընտանիք էինք: Այնքան շատ բան կա, որ ուզում ենք ասել, բայց այժմ ժամանակ կհատկացնենք այս անժամանակ կորուստը վերանայելու համար: Ժամանակի ընթացքում ավելին կասենք, երբ կարողանանք։ Այս պահին մեր մտքերն ու սերը Մեթիի ընտանիքի, ընկերների եւ բոլոր նրանց հետ են, ովքեր սիրում էին նրան ամբողջ աշխարհում»: