Լրահոս

«Հայաստանն ու հայ ժողովուրդ միշտ իմ սրտում են»․ Նարգիզ




Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ իմ սրտում են, նշում է երգչուհի Նարգիզը, ով հաջորդ տարվա մարտին համերգով հանդես կգա Երեւանում։ Իր ելույթին ընդառաջ Նարգիզը սիրով համաձայնեց պատասխանել NEWS.am STYLE-ի մի քանի հարցին։

«Խոստովանում եմ, երբ նորից Հայաստանում հանդես գալու առաջարկ ստացա, քիչ էր մնում լացեի երջանկությունից։ Առաջին անգամ Երեւանում եղել եմ 2017 թվականին, եւ այդ ճամփորդությունն ինձ համար կմնա իմ ստեղծագործական կյանքի ամենավառ ու հիշարժան իրադարձությունը։ Նման ընդունելություն, անկեղծություն, սեր ու ճանաչում չեմ զգացել հանրության կողմից, գուցե ոչ մի այլ տեղ։ Ուստի՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը հավերժ իմ սրտում են։

Այս անգամ անհամբերությամբ սպասում եմ իմ սիրելի հանդիսատեսին ներկայացնել իմ նոր ծրագիրը, որը կոչվում է «ONA»: Այս ծրագրում հնչելու են ոչ միայն նոր ստեղծագործություններ, այլեւ բոլորի սիրելի երգերը՝ «Ты моя нежность», «Мы вдвоем», «Буду всегда с тобой» եւ շատ այլն»,-նշել է արտիստը։

Խոսելով իր սիրելի հայ արտիստների մասին՝ Նարգիզը նշել է, որ «System of a down»-ը եւ դրա մենակատար Սերժ Թանկյանը իր ամենասիրելի կատարողների շարքում են։ «Չեմ խաբի՝ ցավոք, լիովին ծանոթ չեմ ներկայիս հայ կատարողներին։ Բայց ես հաստատ գիտեմ, որ Հայաստանը ամենատաղանդավոր երգիչների ու երաժիշտների ծննդավայրն է։ Ես, առաջին հերթին, հիացած եմ հայ ժողովրդի միասնությամբ, համախմբվածությամբ եւ եղբայրությամբ։ Նրանց քաջությունն ու համարձակությունը, սեփական ուժերին տեր կանգնելու կարողությունը անգին երեւույթ են»։



Խորհուրդ ուժեղ կանանց. դարձեք էլ ավելի ուժեղ

Ես ըմբոստ եմ։ Թեեւ այս սահմանումն այնքան էլ ճիշտ չէ։ Ես, պարզապես, արդարության հանդեպ չափազանց ուժեղ զգացում ունեմ: Ես ընդունում եմ, որ հեշտ չէ դրանով ապրելը, բայց, գոնե, քնում եւ արթնանում եմ հանգիստ խղճով...

Ուժեղ կանանց խորհուրդ կտամ դառնալ էլ ավելի ուժեղ եւ անընդհատ սովորել: Գիտելիքի մեջ կա ուժ։ Ուժեղ կինը սովորաբար անդրդվելի է, անկախ եւ չի տրվում տղամարդու ճնշմանն ու ազդեցությանը։ Տղամարդիկ, մեծ մասամբ, նախընտրում են լուռ ու հնազանդ կանանց։ Նրանց ավելի հեշտ է ենթարկել իրենց։ Կին լինելն ամենեւին էլ հեշտ գործ չէ։ Բայց, իմ կարծիքով, ամեն ինչ կախված է հենց կնոջից՝ կհասնի՞ հաջողության, թե՞ ոչ՝ անկախ նրա գտնվելու վայրից, մաշկի գույնից, ազգային պատկանելությունից եւ կրոնից:

…Ինձ համար գոյություն չունի «ժամանակակից տղամարդ»: Կամ դու տղամարդ ես ծնվել՝ իր բոլոր դրսեւորումներով, կամ՝ ոչ։ Թուլությունը վախկոտության մեջ է։ Վախկոտ մարդուց ավելի զզվելի բան չկա։ Ընդհանրապես, ես վախկոտությունը համարում եմ մարդկային ամենասարսափելի արատը։ Բայց, բարեբախտաբար, իմ միջավայրում այդպիսի մարդիկ չկան»։

Խոսելով այն մասին, թե ինչպիսի տղամարդ կարող է լինել իր կողքին՝ Նարգիզը նշեց` նա, առաջին հերթին, պետք է լինի իր գաղափարակիցը, նաեւ կարեւորեց հոգեւորությունն ու միտքը։ «Հումորի զգացումն ինձ համար եւս շատ կարեւոր է: Զգայականություն եւ քնքշություն.․․․ Ինձ համար իդեալական տղամարդն օժտված է այս բոլոր հատկանիշներով։

...Իմ ուժը խորաթափանցության եւ իմ բոլոր մտադրությունների ու գործողությունների անկեղծության մեջ է՝ ինչպես ստեղծագործական, այնպես էլ առօրյա կյանքում: Իմ ուժը իմ տեսակին հավատարիմ մնալու մեջ է: Իսկ թուլությունը պատերազմ է բերում, մանկական մահեր ու ցեղասպանություններ։



Գեղեցկության գաղտնիքները

«Իմ «մեղավոր հաճույքը» քունն է։ Չնայած քունը օգտակար բան է՝ թե էներգիան վերականգնելու, թե գեղեցկության տեսանկյունից»:

Խոսելով իր գեղեցկության գաղտնիքների մասին՝ Նարգիզը խոստովանում է, որ դա առաջին հերթին գենետիկական է։ «Տանել չեմ կարողանում սպորտը եւ յոգան։ Բայց անկեղծորեն խոստովանեմ, որ շատ զգույշ եմ դեմքիս ու մարմնիս խնամքի հարցում։ Մաշկի խնամքի միջոցները, որոնք մասնագիտորեն ընտրված են իմ կոսմետոլոգի կողմից, զբաղեցնում են իմ լոգարանի կեսը: Ինչ վերաբերում է իմ կազմվածքին, ես պարզապես չեմ ուտում երեկոյան 6-ից հետո:

Ես դիմում եմ գեղեցկության պրոցեդուրաներին, բայց առանց ֆանատիզմի։ Շատ տխուր է տեսնել կանանց, ովքեր ժամանակի ընթացքում պարզապես փոխվում են՝ ամբողջովին կորցնելով իրենց սկզբնական դիմագծերը։ Ձգողականությունն անխուսափելի է, եւ անիմաստ է պայքարել այս երեւույթի դեմ։ Բայց ինձ համար դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ես ընդամենը 53 տարեկան եմ... Ես, իհարկե, չեմ պայքարի երիտասարդության համար: Կյանքում կան ավելի կարեւոր արժեքներ, որոնց համար արժե պայքարել»։