Իմ առաջին տնային խաղն է հավաքականի կազմում, մեզ երկու եզրափակիչ է սպասվում․ Էդգար Սևիկյան

Եվրո-2024-ի ընտական փուլի նախավերջին տուրի՝ Ուելսի հավաքականի հետ խաղից առաջ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ռուսական ՊՆՆ-ի հարձակվող և վերջերս հավաքական տեղափոխված Էդգար Սևիկյանը նշել է, որ թիմին երկու եզրափակիչ խաղ է սպասվում։
«Կարող եմ ասել, որ ինձ այստեղ շատ լավ եմ զգում։ Շատ լավ են ընդունել ինձ։ Համագործակցությունս շատ լավ է ստացվում թիմակիցներիս հետ ու կարող եմ ասել, որ ամեն ինչից գոհ եմ։ Վաղն իմ առաջին տնային խաղն է հավաքականի կազմում, մի փոքր հուզմունք իրականում կա, բայց շատ լավ եմ պատրաստվել ուվաղն ամեն ինչ անելու ենք, որ ուրախացնենք մեր երկրպագուներին»,-ասել է նա։
Խոսելով Ուելսի թիմի մասին, հայ ֆուտբոլիստն ասաց․ «Բավականին ուժեղ թիմ է, գրեթե բոլոր ֆուտբոլիստները խաղում են ԱՊԼ-ում կամ Չեմպիոնշիփում։ Շատ լավ գիտենք այդ թիմի ուժեղ ու թույլ կողմերը»։
Անդրադառնալով խմբից դուրս գալու շանսերին՝ Սևիկյանն ասաց․ «Պետք է ասեմ, որ մեզ 2 եզրափակիչ է սպասվում, բայց առաջինն Ուելսի հետ խաղն է, ու բոլորս պետք է մտածենք միայն այդ խաղի մասին, հետո նոր Խորվաթիայի հետ խաղի»։
Հայաստան-Ուելս խաղը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ու կսկսվի 18։00-ին։