Լրահոս

Սյուզաննա Մելքոնյանը մասնակցել է «Ну-ка, все вместе!»-ի գալա համերգին․ երգչուհին՝ տպավորությունների եւ վերջին եթերաշրջանի ժյուրիի կազմում չլինելու մասին




Նեյեմբերի 21-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում կայացել է ռուսական «Ну-ка, все вместе!» հայտնի հեռուստաշոուի ամփոփիչ գալա համերգը, որին ի թիվս ռուսական շոուբիզնեսի մի շարք աստղերի, մասնակցել են նաեւ նախագծի տարբեր եթերաշրջանների հաղթողներն ու լավագույն կատարողները, այդ թվում՝ երրորդ եթերաշրջանի հաղթող Սյուզաննա Մելքոնյանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին մանրամասներ է ներկայացրել մեծամասշտաբ միջոցառմանն իր մասնակցությունից եւ կիսվել տպավորություններով։

Համերգին ելույթ են ունեցել Նիկոլայ Բասկովը, Սերգեյ Լազարեւը, Վալերիան, Ալսուն, Տաիսիա Պովալին, Խաբիբը եւ այլ հրավիրված աստղեր։

Նման արտիստների կողքին ելույթ ունենալն ու որպես պատվավոր հաղթող ներկայանալը մեծ ձեռքբերում է հայ երգչուհու համար։ Սյուզաննային ոգեւորում է նաեւ շոուի հետ մշտական կապն ու համագործակցությունը, թեեւ ինքը 2 տարի առաջ էր գրանցել իր հաղթանակը։ Դրանից հետո Սյուզաննային հրավիրել են հանդես գալու նաեւ 100 մասնագետից բաղկացած ժյուրիի կազմում։

«2020 թ-ին, երբ ապրում էի այլ իրականության մեջ եւ «Ну-ка, все вместе!»-ն, պարզապես, դիտարկում էի որպես հարթակ, որտեղ ես կարող էի իմ ասելիքն ասել ու բեմ վերադառնալ, բնականաբար, դժվար էր պատկերացնելը, որ նախագիծն ինձ համար երկար կյանք կունենար, եւ կլինեին հետագա համագործակցություններ։ Սա շատ ուրախացնող է, քանի որ կյանքի փորձը ցույց էր տվել, որ, սովորաբար, նման նախագծերից հետո, գրեթե, համագործակցություններ չեն լինում մասնակիցների հետ, եւ այս դեպքը շատ ոգեւորիչ է»,-ասում է երգչուհին։



Համերգին մրցույթի տարբեր եթերաշրջանների հաղթողները պետք է կատարեին այն երգերը, որոնք որպես նվեր ստացել էին հաղթանակից հետո։ Սյուզաննայի դեպքում դա «Стена Непонимания» երգն էր, որը թողարկվել է 2021 թ-ին, սակայն երգչուհուն մրցույթում հաղթանակ բերած I Surrender երգը (Սելին Դիոն) այնպիսի բուռն արձագանքների էր արժանացել Սյուզաննայի կատարմամբ, որ պրոդյուսերական թիմի որոշմամբ՝ նա ներկայացել է հենց այդ երգով։ Երգչուհին կրկին ցնցել է մոսկովյան դաhլիճը։

«Անչափ հուզիչ էր, որ այն արտիստները, ովքեր ներկա էին ժյուրիի կազմում, հոտնկայս ծափահարում էին ելույթիցս հետո, իսկ Լազարեւը նշեց, որ այս կատարումը կրկին արժանի էր այդպիսի արձագանքի»։



Անդրադառնալով նախագծի շրջանակում ոչ մրցութային ելույթին՝ Սյուզաննան նշում է,-«Էմոցիաները հիմա այլ են, անձնակազմն էլ արդեն հարազատ է դարձել։ Չկար մրցույթ եւ մրցակցություն, բայց ես կասեի՝ ավելի պատասխանատու պահ կար, որովհետեւ, հատկապես, հաղթողները պետք է բեմում պահեին հաղթողի իրենց կարգավիճակը։ Իմ դեպքում, բնականաբար, պատասխանատվությունը շատ ավելի մեծ էր, քանի որ ես հանդիսանում էի այլ երկրի ներկայացուցիչ, որին հատուկ հրավիրել էին համերգին մասնակցելու համար։ Կային հույզեր, մտավախություն, քանի որ նմանատիպ համերգներին հանդիսատեսը գալիս է տեսնելու այն մարդուն, ում տեսել էր էկրանից»։

Կուլիսային աշխարհից մինչեւ բեմելը, ըստ Սյուզաննայի, մեծ դպրոց է, երբ հանդես ես գալիս դրսում։ «Թարմ էմոցիաներով եմ վերադարձել։ Ինձ համար մեծ պատիվ էր, քանի որ ամեն անգամ, երբ օտար երկում բեմ եմ բարձրանում, ինքնըստինքյան ներկայանում եմ, որպես հայուհի, եւ ամեն անգամ նման գնահատական ստանալուց հետո էմոցիաներս աննկարագրելի են լինում»։



Օրերս «Россия1» հեռուստաալիքով ավարտվեց նախագծի 5-րդ եթերաշրջանը, որում Սյուզաննայի բացակայությունը շատերի մոտ հարց էր առաջացրել՝ ինչո՞ւ երգչուհին չկար ժյուրիի աթոռին։ Խոսելով թեմայի շուրջ՝ նա բացատրեց․

 
 «Յուրաքանչյուր եթերաշրջանի նկարահանումներից առաջ ինձ պաշտոնապես հրավիրում են, բայց պետք է ցավով նշեմ, որ ինչպես նախորդ եթերաշրջանին չստացվեց, այնպես էլ առաջիկա եթերաշրջանին չեմ կարողանա համատեղել իմ այստեղի աշխատանքը, ելույթներն այնտեղի նկարահանումների հետ։ Պատճառն այն է, որ երբ մեկնում ես այնտեղ նկարահանումների համար, պետք է բավական երկար մնաս, բայց ամեն անգամ ես դա ինձ չեմ կարող թույլ տալ։ Հաջորդ նկարահանումները սկսվելու են դեկտեմբերի առաջին շաբաթից մինչեւ Ամանոր, եւ, բնականաբար, ես չեմ կարող մեկնել, քանի որ բավական ծանրաբեռնված գրաֆիկ ունեմ այս ամիս՝ նկարահանումներ, ելույթներ․․․ Եթե Ռուսաստանի Դաշնությունում ապրեի, իհարկե, այս առումով հեշտ կլիներ»։