Լրահոս

Տեղի է ունեցել երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր՝ դեկտեմբերի 19–ին, տեղի է ունեցել երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիրված երգչի հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, քաղաքական, մշակութային գործիչներ, արվեստակից ընկերներ ու նրա երգարվեստի երկրպագուներ։



Երաժիշտ Կամո Սեյրանյանը Արա Մարտիրոսյանին բնութագրեց որպես լավ ընկեր ու երգիչ, որ իր տեմբրով յուրահատուկ ձեռագիր ունի երգարվեստում։

«Մեծ հումորով, ճանապարհի լավ ընկեր էր։ Բոլորիս ցավակցում եմ, մեծ երգիչ կորցրեցինք՝ բոլորիս կողմից շատ սիրված Արա Մարտիրոսյանին»,-ասաց նա։

Դերասան Գարիկ Պապոյանի խոսքով՝ ոչ մի կերպ չի ստացվում Արա Մարտիրոսյանի մասին խոսել անցյալով։

«Բայց ես գիտեմ, որ Արայի կորուստը միայն իր ընկերների և ընտանիքի կորուստը չի․ Չգիտեմ մի մարդ , ով կարևորում է հայկական երաժշտությունն ու չի կարևորում Արայի պես երգիչների ձայնը։ Կարծում եմ նա մեծ կորուստ է որպես երգիչ։ Համոզված եմ, որ նրա թողած երաժշտությունը երբևէ չի ունենալու կարճ կյանքի բնութագիր ինչպես հենց Արայի ապրած կյանքն էր»,-հավելեց Պապոյանը։

Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Արամեն (Արամ Եղիազարյան) պատմեց, որ Արա Մարտիրոսյանի հետ ծանոթացել է 16-17 տարի առաջ և նա այնքան լի էր էներգիայով ու կենսուրախ, որ այդ տարիները միայն պայծառ հիշողություններ են պարունակում։

«Նրան ոչ ոքի հետ շփոթել հնարավոր չէ՝ և որպես մարդ, և որպես երգիչ, որովհետև ուներ բացարձակ տաղանդ։ Բացի այն, որ ինքը փայլուն երգիչ էր, նաև շատ լավ երաժիշտ էր։ Ես վստահ եմ հարյուր հազարավոր մարդիկ այսօր ցավ են ապրում, որովհետև կյանքից հեռացավ տաղանդավոր մարդ, ով դեռ շատ կարող էր և երգել, և իր ներկայությունը նվիրել ընկերներին, երկրպագուներին, որի համար ես շատ ցավում եմ»,-ասաց Արամեն։



Դեկտեմբերի 15-ին 46 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը։

Ինչպես հայտնել էին «Նաիրի» բժշկական կենտրոնից՝ նա հիվանդանոց էր տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում

Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, գրանցվել է սրտի կանգ:

Ըստ ԲԿ-ի հանրային կապերի բաժնի՝ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ։

Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։