Լրահոս

Ի՞նչ հագուստով դիմավորել Նոր տարին. փորձում ենք պարզել ոճաբան Վա Աբաջյանի հետ




@abajyans էջը Instagram-ում, հաստատ, մեկ անգամ չէ, որ հանդիպել էք Նա Մոսկվայից տեղափոխվել է Երեւան ավելի քան մեկ տարի առաջ, բայց արդեն հասցրել է աշխատել Haze գեղեցկության սրահի, երգչուհի Իվետա Մուկուչյանի, ինչպես նաեւ երգիչ PARG-ի հետ։

Հայ աղջիկների պրոֆեսիոնալ ուղու եւ ոճի մասին

Միշտ հետաքրքրվել եմ նորաձեւությամբ։ Մոսկվայում աշխատել եմ ռուսական Haliky բրենդի հետ։ Մոտ մեկ տարի նրանց համար սթայլինգի նախագիծ եմ արել եւ ստեղծել կոնտենտ Instagram-ի համար։



Աշխատել եմ որպես անհատական ոճաբան Մոսկվայում։ Մենք պատրաստել ենք «կապսուլա» սեզոնի համար, պատվիրել հագուստ, այցելել առեւտրային կենտրոններ կամ ինչ-որ վինտաժային կետեր, որտեղ կարող էինք գտնել ինչ-որ հետաքրքիր բան։ «Հավաքել» ենք կերպար որոշակի միջոցառման համար։


Հայաստան տեղափոխվել եմ վերջերս` մեկ տարի առաջ։ Ոչ այնքան մեծ այս ժամանակահատվածում համարում եմ, որ քիչ հաջողությունների չեմ հասել։ Այս ընթացքում հասցրել եմ աշխատել թե՛ կրեատիվ, թե՛ կոմերցիոն նկարահանումներում։ Մի շատ գեղեցիկ աղջկա շնորհիվ, որը նստած է դիմացս, իմ աշխատանքները հայտնվեցին գերմանական KALTBLUT ամսագրում։ Այդ կերպարները շատ կարեւոր ուղերձ ունեին, որոնցով շատ եմ հպարտանում մինչեւ այժմ։

Իսկ դրանից բացի աշխատել եմ նկարահանման հրապարակներում։ Վերջերս ստեղծեցինք երաժշտական հոլովակ` փոփ երգիչ PARG-ի ARAJ երգի հիման վրա։ Շատ եմ հպարտանում այդ աշխատանքով։

Բացի այդ, հասցրել եմ աշխատել իմ սիրելի հայ երգչուհիներից մեկի՝ Իվետա Մուկուչյանի հետ։ Մենք նրա հետ ստեղծեցինք մի քանի կերպար։ Մեկը կրեատիվ էր, այն նկարահանել ենք հեռուստաաշտարակի վրա։ Ես ահավոր վախենում եմ բարձրությունից, բայց հանուն գեղեցկության բարձրացա։ Նրան ոճավորեցինք նաեւ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերայի համար։ Այսպիսի հայկական կերպար. demiurge land զարդարանքներ, հագուստ ArigaTo լեյբլից [դիզայներ Արիգա Թորոսյան]։ Իվետան, իսկապես, աչքի էր ընկնում բոլորի մեջ։


Հայ աղջիկները գեղեցիկ հագնվել շատ են սիրում։ Նրանք դա անել գիտեն։ Այո, դա բարոկկո է... Դա հիմնականում միշտ չէ, որ համապատասխանում է իմ էսթետիկային։ Միակ բանը, որ կցանկանայի փոխել, այն ըմբռնումն է, որ պետք չէ անվտանգ խաղ խաղալ մարմնագույն եւ սեւ ներկապնակով։

Սեւը շահեկան է, բայց այն նույնպես պետք է ճիշտ ընտրել։ Ուստի ես միշտ մարդկանց խորհուրդ եմ տալիս ցուցադրություններ, ֆիլմեր նայել։ Ոգեշնչվել ինչ-որ սերիալների կուլտային կերպարներով։ Օրինակ՝ Քերի Բրեդշոուից։ Եվ առհասարակ, «Սեքսը մեծ քաղաքում» սերիալը, պարզապես, շատ լավ կերպարների շտեմարան է։ Այնտեղ չորս կանայք են, եւ բոլորը՝ միանգամայն տարբեր՝ ամեն ճաշակի համար։ Մենք շքեղ նկարիչներ ունենք, որոնց արվեստով կարելի է հիանալ, օրինակ՝ Փարաջանով, Մինաս։ Դա վիթխարի աշխարհ է, որի օգնությամբ կարելի է ստեղծել շատ հիանալի բաներ։



Հիանալի կլինի, եթե կարողանաս քո բյուջեի շրջանակում ցույց տալ, թե ինչ գիտես եւ ինչ կարող ես անել իսկապես շատ լավ, գեղեցիկ։

Եթե դուք գիտեք դա անել, միշտ ոճաբաններ կգտնվեն։ Կամ ես, կամ մի խումբ տղաներ, որոնք այստեղ իսկապես ստեղծում են հիասքանչ աշխատանքներ։ Ուստի, եթե չեք կարող դա ինքնուրույն անել, միշտ դիմեք պրոֆեսիոնալներին։ Եթե ձեր ատամը ցավում է, ատամնաբույժի եք գնում, չէ՞։

Վերափոխիր հագուստդ տոներին


Ես խորհուրդ եմ տալիս գնել մի քանի գեղեցիկ գործված սվիտերներ, ջեմպեր, կարդիգան, որը կարելի է հանգիստ ոճավորել սպիտակ մարզա- կամ վերնաշապիկների հետ։ Ավելացրեք մեկ-երկու աքսեսուար, երփներանգ զարդեր, եւ արդեն հիանալի կերպար կստացվի։ Համադրեք այդ ամենը կապույտ ջինսի հետ։ Հիանալի տարբերակ է տոնական օրերի զբոսանքի համար։



Երեկույթների համար միշտ պետք է ընտրել այն, ինչի մեջ ձեզ հարմար եք զգում։ Սա՝ ընդհանուր, իսկ ավելի կոնկրետ՝ խորհուրդ եմ տալիս հետեւյալը. եթե դուք արտահայտիչ դեմք ունեք, այսինքն՝ թավ հոնքեր, աչքի ընկնող որեւէ բան, ասենք՝ քիթը, ապա այդ ժամանակ պարզեցրեք հագուստը։ Հագեք սեւ զգեստ եւ կերպարը լրացրեք գեղեցիկ ոսկեգույն աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր, գեղեցիկ ապարանջաններ կամ մի ինչ-որ շքեղ մանյակ։ Կարելի է եւ հակառակն անել՝ նվազագույն դիմահարդարում եւ հագուստի առավելագույն գունախաղ։



Մի գեղեցիկ հնարք եւս. կարելի է վերցնել ամենապարզ զգեստը եւ համակցել շքեղ պայուսակով, որն ամբողջովին քարերով է։ Իրականում շատ բան կարելի է անել։ Գեղեցկուհի Ջուլիա Ռոբերթսը, Քեմերոն Դիազը «Դիմակում»՝ շքեղ կերպարներ են։



Ամանորյա երեկույթների համար շատ հարմար են փայլերը՝ մանր, խոշոր։ Կարելի է վերցնել վարդագույն երանգներ, դրանք հիմա շատ նորաձեւ են։ Կարելի է վերցնել նաեւ կարմիր, դեղձի, ոսկեգույնը նույնպես շատ գեղեցիկ է նայվում։ Նոր վերնաշապիկ+կիսաշրջազգեստ+բարձր ճտքավոր կոշիկներ = կերպարը պատրաստ է Աամանորի գիշերվա համար։ Կարելի է թավիշ հագնել, որովհետեւ սեզոնն, այնուամենայնիվ, թավշի համար է։



Այժմ կարելի է համադրել գեղեցիկ սեղմիրանները, սեղմիրանով զգեստները շքեղ կիսաշրջազգեստի եւ բոկոտիկների հետ։ Միայն թե այս դեպքում զուգագուլպաների մասին մոռանում ենք։ Գնում ենք լավորակ յուղ, քսում այն եւ ամբողջ գիշեր ինքնամոռաց պարում։



...Եթե, օրինակ, ինչ-որ սեքսուալ կերպար ունեք՝ ներքնաշոր հիշեցնող զգեստ, ապա դրա հետ կարելի է համադրել սեքսուալ զուգագուլպաներ եւ փայլուն բոկոտիկներ։ Դա լավ կնայվի։ Բայց եթե դա ճիշտ անել չեք կարող, ապա դիմեք ոճաբաններին։





Էլի ի՞նչ կարող եմ խորհուրդ տալ։ Կոստյումներ։ Դրանց մեջ միշտ կարելի է լավ տեսք ունենալ։ Բայց այստեղ գլխավորը սահմանն է, քանի որ տոնական կերպարը, պարզապես, կարող է վերածվել օֆիսայինի։ Միշտ այդպիսի լուքին հավելեք վառ զարդեր, փայլեր։ Երբեք մի մոռացեք, որ դրանք զարդարում են ձեր ամենապարզ կերպարը։



Հայ տղամարդկանց խորհուրդ է տրվում

Տղաներ, հերիք է սպիտակ շապիկներ հագնեք սպիտակ վերնաշապիկների տակից։ Դա այն է, ինչը ես անգամ փոխել եմ հորս մոտ։ Նա այդպես չի անում արդեն հինգ տարի։ Եթե դուք ցանկանում եք չմրսել, լոնգ սլիվ հագեք։ Ամենասովորական, որը շատ կսազի վերնաշապիկին։

Կամ, եթե արդեն շապիկը հագել եք, լրացրեք համապատասխան վերնաշապիկով, քանդեք կոճակները եւ ցուցադրեք մարմինը։ Կամ պարզապես սովորական մարզաշապիկ հագեք, վրայից՝ պիջակ։



Նեղ կոստյումները, որոնք անհարմար են նստելիս․․․ Ինչո՞ւ եք անում դա։ Պետք չէ։ Գնեք մեկ լավ ուղիղ ձեւվածքի կոստյում, որի մեջ հարմար է շարժվելը։ Նման կերպարը 60-70 հազար դրամ կարժենա։

Եթե դուք, օրինակ, սեւ կոստյում ունեք, դրա տակից հագեք գեղեցիկ կարմիր մարզաշապիկ։ Անմիջապես կստացվի տոնական կերպար։ Եվ կարելի է զարդեր ավելացնել։ Ես պաշտում եմ մատանիներն ու չեմ ամաչում կրել դրանք։ Համարձակորեն ավելացրեք աքսեսուարներ։ Մի մոռացեք, որ դուք նույնպես պետք է գեղեցիկ հագնվեք, որպեսզի ձեր աղջիկները եւ կանայք հիանան ձեզանով, հպարտանան եւ բոլորին ցույց տան։ Բացի այդ, կարելի է փորձարկումներ անել նաեւ վերնաշապիկների հետ։



Գունավոր գուլպաներ նկարներով. պեպսի, դեղձ, վարունգ, բադրիջան ու լիքը նման բաներ։ Խնդրում եմ, մի արեք։ Ես երբեմն նայում եմ. նստած է լուրջ տղամարդ, կարծես լավ էլ փող է աշխատում, իսկ գուլպաները՝ աղետ են։ Չե՞ք ուզում դեն նետել։ Հագեք տանը։ Տնից դուրս գալիս՝ բացառապես միագույն։ Կարող եք գունախաղ անել, բայց ոչ պրինտներով։ Միշտ պետք է պարզեցնել։ Պարզ հասկանալի կերպար՝ լավ գունային գամմայով. սա միշտ շահեկան է եւ թանկ է նայվում, քան փորձում եք մի ինչ-որ տարօրինակ բան «գցել» ձեզ վրա՝ չիմանալով դա անելու ձեւը։