Լրահոս

Գրիգոր Դանիելյանը, Մենչը, Վաչե Երիցյանը և այլք՝ «Կարգին Ամանոր» ամանորյա ֆիլմում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




2000-ականների սերունդը մեծացել է «Կարգին հաղորդում»-ը նայելով և առայսօր շատերը մեջբերում են «Կարգին հաղորդում»-ից դրվագներ և հումորներ: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք իրավիճակ, երբ մի օր բոլորը մոռանան «Կարգին հաղորդման» մասին՝ չհիշելով Հայկո-Մկո զույգին:

Ահա այսպիսի տարօրինակ միջադեպ է պատահում «Կարգին Ամանոր» ֆիլմի հերոսի՝ Վաչե Երիցյանի հետ: Արմենիա հեռուստաընկերությունը վաղը՝ 21:30-ին ցուցադրելու է «Կարգին Ամանոր» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը՝ Վաչե Երիցյանը երազում է, որ Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվի իր արտադրանքն ու պարզվում է, որ նրա երազանքը կատարվում է և ոչ-ոք չի հիշում «Կարգին հաղորդման» մասին, բացի իրենից:



Երիտասարդ դերասան Վաչե Երիցյանը վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում՝ նկարահանվելով «Սյուրպրիզ» սիթքոմում և մեզ հետ զրույցում նշեց, որ հաճելի զգացողություններ ունի, մասնավորապես այս եթերաշրջանից հետո, երբ տեսնում է լսարանի դրական արձագանքը:

«Սիթքոմում կերպարս գնալով աճել է՝ ունենալով վառ դիրք և պրոդյուսերական ու սցենարական թիմը որոշեց, որ ամանորյա նախագիծը շղթայված լինի «Սյուրպրիզ» սիթքոմի հետ, իսկ մնացածը կտեսնի հեռուստադիտողը: Այնուամենայնիվ շատ հետաքրքիր գաղափար է, երբ միայն իմ հերոսն է հիշում «Կարգին հաղորդում»-ը, որը կարծում եմ մեր հայկական մեդիայի սիրված արտադրանքներից մեկն է: Պետք է անկեղծ լինեմ՝ բարդ աշխատանք է, որին շատ զգույշ եմ մոտեցել, քանի որ դերասանական վարպետության մեջ նմանակումն ամենաբարդ աշխատանքն է, բայց այս կոնտեքստով կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանք ենք ներկայացնելու և այն մարդիկ, որոնք դիտել են պատումները, սիրել են շատ նոստալգիկ և հաճելի զգացողություններ կունենան»,- նշեց Վաչե Երիցյանը:



«Կոնֆլիկտը» ծավալվում է Վաչե Երիցյանի և Գրիգոր Դանիելյանի միջև, իսկ մեզ հետ զրույցում Գրիգոր Դանիելյանը նշեց՝ սպասվում է ամանորյա հետաքրքիր ֆիլմ:
«Ֆիլմում կան երևակայական լուծումներ, բայց սա այն դեպքերից է, երբ մենք մարմնավորում ենք հենց մեզ և ես խաղում եմ հենց Գրիգոր Դանիելյանին: «Կարգին հաղորդում»-ը ներկայացնելուց զատ տեսնելու են մեր առօրյան, մեր կյանքը, բայց հիմնական գաղափարը հենց հաղորդման պատումներ ներկայացնելն է: Հետաքրքիր փորձ էր խաղալ պատումներ, որոնք ժամանակին նայել ես»,- հավելեց Գրիգոր Դանիելյանը:



Այս նախագծում ներգրավված են մի շարք դերասաններ, բայց Արմենիա հեռուստաընկերության 25-ամյակի և «Կարգին Ամանոր» ֆիլմի նկարահանումների համար ԱՄՆ-ից եկել էր դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ խաղալու է հենց իր սիրելի պատումներից մեկում:
«Հայաստանում իմ օրերն անցնում են խիստ աշխատանքային, չնայած այս անգամ եկել եմ կարճ ժամանակահատվածով, բայց լավ առիթներով, քանի որ նկարահանվում եմ ֆիլմում և եկել եմ սիրելի հեռուստաընկերության 25-ամյակի նկարահանումներին մասնակցելու: Պետք է նշեմ, որ կատարում ենք բարդ աշխատանք, քանի որ այլ նախագծերում դու կարողանում ես անել իմպրովիզներ, տալ երանգներ, տալ քո լուծումներն, իսկ այս պարագայում դու պետք է կրկնօրինակում անես պատումների, որոնք ամենասիրվածներից են»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը: