Լրահոս

Սուրբ Ծննդյան պատմությունը



Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին:

 Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները:

Ըստ Հայ Եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Սուրբ Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզի, ձեզի Սուրբ ավետիս»:

Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը:
Տոնական սեղանին դրվում է ձուկ: Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, որով դեռ հնում տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ: Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրյալնեը` նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:

Հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն և աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը: Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին: