Լրահոս

Չափազանց սեքսուալ. Calvin Klein-ի գովազդային պաստառն արգելվել է Բրիտանիայում



Մեծ Բրիտանիայում արգելվել է Calvin Klein-ի գովազդային պաստառը, որում պատկերված է երգչուհի FKA Twigs-ը, քանի որ այն համարել են «վիրավորական» եւ «չափազանց սեքսուալ»։

Պաստառի վրա 36-ամյա երգչուհին կրում է ջինսե վերնաշապիկ, որը կիսով չափ ծածկում է նրա մարմինը՝ մասամբ մերկացնելով հետույքի հատվածը եւ կրծքի մի մասը․ այն մակագրված է Calvins or nothing/«Calvins կամ ոչինչ», գրում է Daily Mail-ը։



Գովազդային ստանդարտների ղեկավար մարմինը (ASA) ստացել է երկու բողոք առ այն, որ լուսանկարները «չափազանց սեքսուալացված են, վիրավորական եւ անպատասխանատու, քանի որ դրանք օբյեկտիվացնում են կանանց»: Արդարացնելով գովազդը՝ Calvin Klein-ն ասել է, որ այն նման է նրան, ինչ ընկերությունը երկար տարիներ արտադրել է Մեծ Բրիտանիայում: Նորաձեւության ապրանքանիշի ղեկավարները նշել են, որ FKA Twigs-ը, ում նրանք նկարագրել են որպես «ինքնավստահ կին», համագործակցել է Calvin Klein-ի հետ եւ հաստատել լուսանկարը մինչեւ այն հրապարակելը:

Այնուամենայնիվ, ASA-ն համարել է, որ «լուսանկարի կոմպոզիցիան դիտողների ուշադրությունը կենտրոնացնում է ոչ թե գովազդվող հագուստի, այլ մոդելի մարմնի վրա»։ «Գովազդում օգտագործվել է մերկություն՝ հիմնական կենտրոնացումն այն աստիճան ուղղելով FKA Twigs-ի ֆիզիկական առանձնահատկությունների վրա, որ նա ներկայացվում է որպես կարծրատիպային սեռական օբյեկտ: Հետեւաբար, մենք եզրակացրինք, որ գովազդն անպատասխանատու է եւ, գուցե, վիրավորական»:



ASA-ին, սակայն, չեն անհանգստացրել մոդել Քենդալ Ջենների պատկերով գովազդային պաստառները՝ նույն հիմքով բողոքներից հետո:



Գերատեսչությունը հայտնել է, որ այն լուսանկարները չեն կենտրոնացել նրա մարմնի վրա այնպես, որ նրան ներկայացնեն որպես սեքս-օբյեկտի, իսկ մերկության մակարդակը չի գերազանցել այն, ինչ մարդիկ ակնկալում են ներքնազգեստի գովազդից:



Հետաքրքիր է, որ արգելքը եղել է Calvin Klein-ի շատ բացահայտ գովազդից հետո, որում «Արջը» սերիալի աստղ Ջերեմի Ալեն Ուայթը ցույց է տալիս իր մարզված իրանը՝ գովազդելով բրենդի ներքնազգեստը։ Սակայն բրիտանացիները, ըստ երեւույթին, չեն ընկալում մերկ արական մարմինը որպես սեռական օբյեկտ։