Լրահոս

ՀՌՀ-ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը




Հունվարի 25-ին «Sputnik Արմենիան» 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ–ն միաձայն կողմ է քվեարկել «Տոսպա» ռադիո ընկերության լիցենզիայի չեղարկման կասեցմանը։

«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,-ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

ՀՌՀ–ն գտնում է, որ այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել են։

Հակոբյանն ընդգծել է, որ բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։

«Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան և զրկել «Տոսպա»-ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,–նշել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։

ՀՌՀ-ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։