Լրահոս

Դեռ հաճույք եմ ստանում իմ գործից. ինչպե՞ս է Մանսուրյանը դիմավորում 85-ամյակը




Վաղը` հունվարի 27–ին Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առիթով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները։
85-ամյակից մեկ օր առաջ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը խոստովանում է` երաժշտություն գրելը իր համար մնում է հաճույք, որն առաջին հերթին կարևոր է հենց իր համար։

«Քնից արթնանալուց մի քանի վայրկյան առաջ ինձանից շուտ արթանում է նյութը, որի վրա ես պետք է աշխատեմ։ Այսինքն, այդ հաճույքի մեջ մտնելու եռանդն ու պատրաստակամությունը դեռ ինձ հետ է»,– ասուլիսի ժամանակ նշեց մաեստրոն։

Միևնույն ժամանակ Մանսուրյանը հավելում է՝ ստեղծագործական կյանքում բացի հաճույք ստանալուց պետք է նաև հետևողական լինել. տարիների ընթացքում չկրկնվելը հեշտ գործ չէ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ցավում է, որ Տիգրան Մանսուրյանին Հայաստանում ավելի շատ ճանաչում ու սիրում են նրա կինոերաժշտություններով, այլ ոչ թե ակադեմիական երաժշտությամբ։ Հիշում է` երբ սովորում էր արտերկրում, դասախոսներն ու համակուրսեցիները մշտապես խոսում էին մաեստրոյի ակադեմիական ստողծագործությունների մասին իբրև ժամանակակից արվեստի լավագույն նմուշներ։

«Չգիտեմ ինչն է պատճառը, բայց հիմա ես էլ իմ կողմից փորձում եմ ամեն ինչ անել, որ այդ բացը Հայաստանում լրացվի։ Ուզում եմ, որ Հայաստանում էլ իմանան ժամանակակաից ակադեմիական երաժշտության գաղափարները, որոնք որ մաեստրոն ներկայացնում է»,– ասաց Սմբատյանը։

Վաղվա համերգը, ըստ Սմբատյանի, կլինի երկու Մանսուրյանների միախառնումը` կինոերաժշտությունից մինչև դասական, ակադեմիական ստեղծագործություններ։
Ինքը՝ մաեստրոն հիշում է` խորհրդային տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիան Մոսկվայից ամեն տարի ստանում էր 4 ֆիլմ նկարելու բյուջե։ 4-ից 3-ի երաժշտությունը գրում էր ինքը։
20 տարի շարունակ հենց նա էր գրում երաժշտություն գրեթե բոլոր հայկական ֆիլմերի համար («Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» «Մեր մանկության տանգոն», «Գիքոր». «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Արևիկ», «Յոթ սարից այն կողմ»)։


«1984 թ–ին` 20 տարի այդ գործը անելուց հետո, որոշեցի դադարեցնել։ Հրաժարվեցի կինոյից, որ գրեմ «Ձյունե թագուհի» բալետը, այն ինձանից պահանջեց 4 տարի։ Իսկ դրանից հետո էլ չվերադարձա, մինչև որ վերջերս Հայկ Օրդյանը առաջարկեց գրել երաժշտություն իր «Զուլալի» ֆիլմի համար, ես էլ սիրով համաձայնեցի կրկին վերադառնալ այդ զգացմունքին»,– ասաց Մանսուրյանը։

Ի դեպ, վաղը բեմում կհնչի կոնցերտ ալտի և նվագախմբի համար, կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, երաժշտություներ ֆիլմերի և թատերական ներկայացումների համար։ Համերգի համար հատուկ Հայաստան են ժամանել ալտահար Սերգեյ Պոլտավսկին և ջութակահար Լեա Զուն։

Նյութի աղբյուրը այստեղ: