Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Կանաչ գիրքը» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Կանաչ գիրքը»



ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհուրդը նոյեմբերի 27-ին տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը, իսկ լավագույն ռեժիսոր՝ Բրեդլի Քուփերին, որը նկարահանել է «Աստղ ծնվեց» ֆիլմը (2018 թ.): Այդ մասին հայտնել է Deadline Hollywood ինտերնետ-պորտալը, դրա հետ մեկտեղ նշելով, որ Կինոքննադատների ազգային խորհրդի ընտրությունը հաճախ է համընկնում Կինոարվեստների ազգային ակադեմիայի որոշման հետ, որը շնորհում է «Օսկար»-ները:


«Կանաչ գիրքը» ֆիլմը ներկայացնում է ջազային դաշնակահար Դոն Շիռլիի եւ նրա վարորդի ու պահապանի՝ Թոնի Լիպի՝ 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում կատարած ճանապարհորդության իրական պատմությունը: Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գրքից», որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը:

Կինոնկարում գլխավոր դերերը կատարել են Վիգո Մորթենսենը, որին Կինոքննադատների ազգային խորհուրդը ճանաչել է լավագույն դերասան, Մահերշալա Ալին եւ Լինդա Քարդելինին: Սեպտեմբեր ամսին այս ֆիլմն ստացել է Տորոնտոյի 43-րդ Միջազգային կինոփառատոնի գրան-պրին:

Բրեդլի Քուփերի «Աստղ ծնվեց» մելոդրաման պատմություն է քանթրի ոճում հայտնի կատարող եւ երիտասարդ սկսնակ երգչուհու սիրո մասին: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Լեդի Գագան, որը կինոքննադատների կողմից ճանաչվել է լավագույն դերասանուհի, եւ Քուփերն ինքը: Կինոքննադատների ազգային խորհուրդը հիմնվել է 1909 թվականին Նյու Յորքում:


Լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորի եւ լավագույն դերասանների ընտրության շուրջ քվեարկությանը մասնակցում են խորհրդի շուրջ 100 անդամներ: Մրցանակների հանձնումը կկայանա հունվարի 8-ին Նյու Յորքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: