Հայ հայտնի մարդիկ, որոնց մենք կորցրինք 2018-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ հայտնի մարդիկ, որոնց մենք կորցրինք 2018-ին



2018-ը մոտենում է ավարտին: Այն, իհարկե, չանցավ առանց կորուստների: Ներկայացնում ենք այն հայտնիներին, ովքեր կյանքից հեռացան այս տարի:

Շառլ Ազնավուր
94 տարեկանում կյանքից հեռացավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այդ բոթն օրեր շարունակ եղավ հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում։ Շանսոնյեն մահացավ Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում սրտի կանգի պատճառով: Մինչ այդ նա շրջագայում էր Ճապոնիայում։



Նադեժդա Սարգսյան
64 տարեկանում կյանքից հեռացավ սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը։ Նադյան մահացավ հիվանդանոցում։ Նա տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ ու վերջին շրջանում հայտարարում էր, որ իրեն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։



Արա Գյուլեր
Ստամբուլում 90 տարեկանում մահացավ հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկները երկու անգամ կարողացել էին վերականգնել Գյուլերի սրտի կանգը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք։ Սակայն ավելի ուշ նա սրտի անբավարարության հետևանքով մահացավ։


Լևոն Մուրադյան
Այս տարի վախճանվեց նաև դերասան Լևոն Մուրադյանը։ Նա 60 տարեկան էր։ Նրան հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից Վռամ Արևշատյանի կերպարով: Լևոն Մուրադյանը տառապում էր շաքարային դիաբետով:


Ալյոշա Աբրահամյան
Երկարատեւ հիվանդությունից հետո՝ 72 տարեկան հասակում, կյանքից հեռացավ լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Սպորտսմենը 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։


Յուրի Վարդանյան
ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացավ Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը։


Արթուր Ապրեսով
Մոսկվայում այս տարի մահացավ կինոօպերատոր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը։ Նա 46 տարեկան էր, մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։


Վահագն Մարգարյան
Բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը կյանքից հեռացավ չարաբաստիկ վթարի հետևանքով։ Նա շաբաթներ շարունակ կոմայի մեջ էր։ Վիճակը գնահատվում էր ծանր։


Մարտին Շահբազյան
78 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը: 2001-ից 2010-ը թթ. նա եղել է ՀՀ նախագահների անձնական լուսանկարիչը:


Արա Ասոյան
Այս տարի կյանքից հեռացավ Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Ասոյանը մահացավ ինֆարկտից, աշխատավայրում՝ հիվանդանոցի ընդունարանի դիմաց։ Նա 65 տարեկան էր։