«Բոլոր նրանք, որոնք եկամուտ են ստանում հարկվելու են, տարիքի հետ կապված արտոնություններ նախատեսված չեն»․ ՊԵԿ-ում հանդիպում է տեղի ունեցել շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Բոլոր նրանք, որոնք եկամուտ են ստանում հարկվելու են, տարիքի հետ կապված արտոնություններ նախատեսված չեն»․ ՊԵԿ-ում հանդիպում է տեղի ունեցել շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ


Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, արդեն ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել են հաշվարկներ: ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է հիմնական սկզբունքը՝ եկամուտ ստացող անձինք պետք է հարկ վճարեն:

«Առաջին մեխանիզմը, որ առաջարկել ենք նրանց, այն է, որպեսզի ներկայանան հարկային մարմին և ներկայացնեն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ դրանց ցանկը մեծ չէ, այնուհետև ստանան հարկ վճարողների հաշվառման համարներ: Դրանից հետո նրանք կդառնան հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողներ և եկամուտների վերաբերյալ կներկայացնեն հաշվարկներ, դրանց հիմքով էլ կկատարեն իրենց հարկային պարտավորությունները»,- ասաց Նաիրա Ավանեսյանը:

Նրա խոսքերով՝ հարկային համակարգի հիմնական սկզբունքն ինքնահայտարարագրումն է: Այսինքն՝ բոլոր հարկ վճարողները պետք է գիտակցեն, որ եթե ստանում են եկամուտ, պետք է այդ եկամուտներից հարկեր վճարեն:


«Մյուս տարբերակը, որ առաջարկում ենք հարկ վճարողներին, կարող է լինել նաև պետական գրանցում ստանալու եղանակով: Դրանից անմիջապես հետո կստանան հարկ վճարողների հաշվառման համարներ, ընտրելով որևէ հարկման ռեժիմ՝ կիրականացնեն հարկային պարտավորությունները»,- ասաց նա:

Շոու բիզնեսի ներկայացուցիչ, հաղորդավար, թամադա Կառլին հետաքրքրում է՝ փոքրիկ երգչուհի Լիդուշիկին ու օրինակ՝ երգիչ Մգերին, նո՞ւյն չափով են հարկելու: Արդյոք հարկայինը հաշվի չի առնելու երգչի չափահաս կամ անչափահաս լինելը: «Բոլոր նրանք, որոնք եկամուտ են ստանում հարկվելու են, տարիքի հետ կապված արտոնություններ նախատեսված չեն»,- Կառլի հարցին ի պատասխան տեղեկացրին ՊԵԿ-ի մասնագետները: