«Սիմֆոնիկ Հայկո 50». սիրո մեծ երգչի երազանքն իրականացավ առանց նրա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սիմֆոնիկ Հայկո 50». սիրո մեծ երգչի երազանքն իրականացավ առանց նրա



BRAVO.am-ը գրում է․

Նա երազում էր՝ մի օր մեծ էկրանի մոտ կհավաքվի Սիմֆոնիկ նվագախումբը, էկրանին կլինեն ֆիլմի կադրեր ու կնվագի իր ստեղծագործությունները։ Հետո դիրիժորի հետ հավանություն կտա կամ կուղղի մի քանի նոտա, ապա ձեռքերը կբարձրացնի դեպի վեր՝ ինչպես սիրում էր անել, երբ հրճվանքի մեջ էր։ Ավետ Բարսեղյանն է բեմից պատմում Հայկոյի երազանքի մասին, երազանք, որը դարձավ իրականություն։ Խորեն Լեւոնյանն էլ հավելում է՝ նվագախումբը տեղում է, էկրանը կա ու բոլորը կան, Հայկոն էլ դահլիճում է՝ մի տեղ անտեսանելի թաքնվել է ու հետեւում է մեզ։ Այսօր նրա օրն է, նա է սիրո, կարոտի եւ հույսի երգիչը։



«Սիմֆոնիկ Հայկո»՝ այս խորագիրն ուներ օգոստոսի 25-ին ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի 50-ամյա հոբելյանին նվիրված համերգային հագեցած ծրագիրը։ Երեկոյի մեկնարկը տրվեց «Վերեւ» երգով, որն առաջին անգամ հնչեց Սիմֆոնիկ նվագախմբի ու ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։ Հայկոյի աշխատանքներն անցել են ժամանակի ստուգատեսը։ Նա 21-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից է ու նրա երգերը բացառապես սիրո մասին են։

Հայկոյի ստեղծագործություններից երկուսը հնչեցին թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի նվագակցությամբ։ Դեռ համերգից առաջ կուլիսներում Նարեկը խոստովանեց՝ իր համար անսովոր ձեւաչափ է՝ էստրադային երաժշտությունը՝ դասական հնչողությամբ։



«Հայկոն իր ոլորտի առանձնահատուկներից էր, եւ Սիմֆոնիկի հետ նրա ստեղծագործությունները նվագելով՝ միայն պահպանում ենք նրա պայծառ երաժշտությունը»,- նշել է թավջութակահարը:



Ավետ Բարսեղյանն էլ պատմեց, որ Հայկոյի հետ երբեմն պատկերացնում էին, թե ոնց են պապիկ դառնում, ինչպես հանրությունը պատրաստ չի լինում ընդունել իրենց մեծ լինելը, ու այդ ամենը՝ մեռնելու աստիճան ծիծաղելով. «Հայկոս եւ Լուսե աղջիկս նույն օրն են ծնվել: Ինձ համար դժվար օր է՝ ուրախության ու տխուր ուրախության։ Նա մեզ գցեց ու փախավ։ Ասելիքս մեկն է՝ շնորհակալ եմ Բորիսին ու Սուսաննային, որ ունեցել են Հայկոյին»։



«Երբ լսում են, որ Հայկոյի 50-ամյակն է, բոլորը զարմանում են, քանի որ նա 25 տարեկան երգիչն էր մեր քաղաքի։ Համոզված եմ, որ 100-ամյակին էլ հիշելու ենք որպես երիտասարդ ու հավերժ սիրո երգիչ»,- ասում է Էրիկ Կարապետյանը։

Հայկոն ու Սերգեյ Սմբատյանը լավ ընկերներ էին ու հաճախ էին մեկնում շրջագայությունների։ Դրանցից մեկի ժամանակ՝ Մալթայում, որոշում են նման համերգ իրականացնել ու մշակում են ձեւաչափ՝ սիմֆոնիկ Հայկո։ Սկսվում են աշխատանքները, անգամ նոտայագրվում են ստեղծագործությունները, բայց անավարտ թողնում: Ու «Հայկո սիմֆոնիկը» մնում է նրա չիրականացված երազանքը։



«Հայկո Հակոբյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Իրինա Վարդանյանը պատմեց, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը զանգահարել է ու ասել՝ ամեն ինչ կանի ընկերոջ երազանքն իրականություն դարձնելու համար. «Սերգեյին առաջարկեցինք՝ երբ կլինի ազատության մեջ, այդ ժամանակ կիրականացնենք, բայց նա այնքան պրոֆեսիոնալ գտնվեց ու թույլ չտվեց՝ ասելով, որ խորհրդանշական օրը չենք փոխելու»։

Իսկ համերգին անշահախնդիր կերպով դիրիժորական վահանակի մոտ էր իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։



«Համերգը մտահղացել է մեր ընկեր Սերգեյ Սմբատյանը: Անկախ բոլոր հանգամանքներից՝ մենք վստահ ենք, որ արդարությունը կհաղթի, մաեստրոն շուտով կմիանա մեզ»,- հայտարարեց Ավետ Բարսեղյանը։

Հրաչ Քեշիշյանն էլ հավելեց՝ ամեն ինչ արել են, որ նշաձողը պահեն. «Այդ երազանքն իրականացնող երկու մարդիկ այս պահին այստեղ չեն։ Հավերժ շնորհակալ եմ պետական սիմֆոնիկ նվագախմբին, նրանց կամքի ուժին ու նախանձախնդրությանը, ճշտապահությանը, որ առանց ղեկավարի իրականացրին այս ամենը»։



Շուրջ երկու ժամ տեւողությամբ համերգին հանդիսատեսը ճանապարհորդեց Հայկոյի կախարդական երաժշտական աշխարհով։ Ժամանակ առ ժամանակ էկրանից հոբելյարն էր զրուցում ներկաների հետ՝ արխիվային տեսանյութերի միջոցով։

«Հայկոյի ծնունդը մենք միշտ շատ ուրախ ենք նշել, իսկ հիմա չգիտեմ՝ ինչ ասել։ Իր երգերն ու երաժշտությունն անընդհատ եմ լսում, որ մի քիչ կարոտս մեղմեմ, բայց այն մեղմել հնարավոր չէ», - BRAVO.am-ին պատմեց Հայկոյի մայրը՝ տիկին Սուսաննան։



Հանդիսատեսն ամեն նոտայից հետո գիտեր, թե որ ստեղծագործությունն է հնչելու։ Զրուցակիցներիցս Նարինե Առաքելյանը, որը հատուկ համերգի համար եկել էր Մոսկվայից, նշեց. «Տպավորված եմ ու չեմ ուզում՝ այն վերջանա։ Ամեն մի հնչյուն հոգուդ խորքն է թափանցում, նրա ամեն նոտայում սեր կա»։

«Հայկո Հակոբյան» հիմնադրամը մտադրություն ունի այս համերգը դուրս բերել Երեւանից. նախատեսում են անցկացնել Գյումրիում եւ Վանաձորում։



Երեկոյի ավարտին Խորեն Լեւոնյանն ասաց՝ նա հաղթեց ժամանակը, բայց չկարողացավ հաղթահարել հիվանդությունը, թողեց մեծ լռություն, կորստի ցավ ու մեծ երաժշտություն։ Շնորհավոր տոնդ, մեր սիրելի Հայկո։


Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի