ԱԱ․ Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ․ Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր




Արսեն Հարությունյանը (57 կգ) ըմբշամարտում Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը նվաճեց Փարիզ-2024 Օլիմպիական խաղերում։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 23-ամյա ըմբիշը դարձավ բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի եռակի չեմպիոնը մեդալը վիճարկեց Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ ու վստահ հաղթանակ տարավ ժամկետից շուտ՝ 11-0։

Հարությունյանը կարիերայում երրորդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում, առաջինը՝ օլիմպիական քաշային կարգում։

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը սեպտեմբերի 17-ին պայքարը սկսել էր որակավորման փուլից և, հաղթելով ուկրաինացի Կամիլ Կերիմովին (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուին (14-2) ու մակեդոնացի Վլադիմիր Եգորովին (11-0), դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ լարված պայքարում 14-16 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, 2016թ․ օլիմպիական փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Սեպտեմբերի 18-ին Հայաստանի ներկայացուցիչը սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ հաղթել էր չինացի Վանհաո Զուին՝ 10-0։

ԱԱ-ի երրորդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել էին Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։ 2023թ. Եվրոպայի չեմպիոն Թևանյանը 3 հաղթանակ տանելուց հետո ցավալի պարտություն էր կրել կիսաեզրափակիչում և բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի սեպտեմբերի 19-ին։ Սարգսյանը որակավորման փուլում 8-6 հաշվով հաղթել էր շվեյցարացի Սամուել Շերերին, սակայն 1/16 եզրափակիչում 4-5 հաշվով պարտվել էր հնդիկ Սահիլ Սահիլին ու դուրս մնացել հետագա պայքարից։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն երկու մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Սեպտեմբերի 17-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը (70 կգ)։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պարտվել էին ու ավարտել ելույթները։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: