Լեւոն Արոնյան․ Հավատում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին Արցախի շրջափակումը պետք չէ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեւոն Արոնյան․ Հավատում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին Արցախի շրջափակումը պետք չէ




Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի հավաքականի անդամ Լեւոն Արոնյանը սոցիալական ցանցերում արած գրառումով կոչ է արել դատապարտել Արցախի շրջափակումը եւ նպաստել դրա վերացմանը։

«Թանկագին ընկերներ, գրում եմ ձեզ հարգանքով, հուզմունքով և իմ զգացմունքները ձեզ հետ կիսելու ցանկությամբ:

Գրում եմ ձեզ այն մասին, ինչի մասին մտածում եմ ամեն օր, գրում եմ ինձ հարազատ լեզվով` ռուսերեն, քանի որ հուսով եմ՝ դա ինձ թույլ կտա պարզ արտահայտվել:

Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ հարազատ մարդիկ, ամբողջ Արցախը 9 ամսից ավելի շրջափակման մեջ է։ Այնտեղ գործնականում չի մատակարարվում սննդամթերք, այդ թվում՝ երեխաների նորմալ զարգացման համար անհրաժեշտ դեղամիջոցներ, այդ թվում՝ սրտի հիվանդություններ ունեցող տարեցների համար:

Աշխարհում արդեն սկսում են օգտագործել «գենոցիդ» բառը։ Եվ սա 21-րդ դարում։

Շրջափակումն առաջացած չէ անհրաժեշտությամբ, ռազմավարական կարեւորությամբ կամ որևէ այլ պատճառով։ Ընդհանրապես, դժվար է նշել պատճառը, երբ հասարակ մարդկանց զրկում են ամենաանհրաժեշտից, առաջին հերթին՝ սննդից, նաև գազից և էլեկտրականությունից։

Ես հավատում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին այս շրջափակումը պետք չէ։ Սա Աստծո օրենքից եւ համամարդկային բարոյականությունից վեր դասող մարդու վարքագծի մի մասն է: Մարդ, որն իմ ժողովրդի ներկայացուցիչներին «շներ» է անվանում։ Այդ մարդու անունն Իլհամ Ալիև է։

Ես չեմ կարծում, որ մարդկային որակները որոշվում են ազգությամբ։ Բոլոր ազգերում կան վատ և լավ մարդիկ:

Բայց կան լավ մարդիկ, որոնք լռում են, քանի որ վախենում են վատ մարդկանցից։ Ես հոգնել եմ լռել և կարծում եմ՝ կարեկցանք ունեցող մարդիկ, ովքեր չեն կարող հետեւել, թե ինչպես է սովամահ լինում 120 հազար մարդ, մեծամասնություն են:

Դիմում եմ իմ գործընկեր գրոսմայստերներին։ Մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել կատարվողը։ Եվ վստահ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներն ամենևին հետաքրքրված չեն այն ​​անմարդկային իրավիճակով, որը ղարաբաղցիների համար ստեղծում է Իլհամ Ալիևը։

Եկեք արթնանանք, մարդիկ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ մի բան, ինչից մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք խոսել կատարվածի մասին և լսելի դառնալ նրանց, ովքեր կարող են փոխել այս խայտառակ իրավիճակը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Արոնյանը: