Այսօր լրանում է ֆրանսահայ շանսոնյեի մահվան տարելիցը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այսօր լրանում է ֆրանսահայ շանսոնյեի մահվան տարելիցը




Այսօր լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանի մահվան տարելիցը:

Ուղիղ մեկ տարի առաջ` հոկտեմբերի 1-ին, աշխարհը ցնցեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրի մահվան լուրը:

Ամբողջ աշխարհում մինչ օրս շարունակում են սգալ աշխարհահռչակ շանսոնյեի մահը:

«Մինչև հոգու խորքը ֆրանսիացի՝ ողջ էությամբ կառչած հայկական արմատներին. Ազնավուրը երեք սերունդների ուղեկցեց ուրախության և ցավի միջով: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկնելի փայլը դեռ երկար կապրեն նրանից հետո»,-Ազնավուրի մասին ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ազնավուրը, որին Ֆրանսիայում կոչում են Ֆրանսիայի «Ֆրենկ Սինատրա», ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն: Ազնավուրը վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ գրեթե 80 երկրներում:





Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:



Ազնավուրը տատի՝ Հայկանուշի հետ՝ 1964 թվականին:



Նրա՝ երգչի կարիերան ծաղկում է ապրում Փարիզում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որի ժամանակ նրա ծնողները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում`բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին:









Էդիտ Պիաֆի աշակերտ Ազնավուրին համաշխարհային հռչակ է բերել 1974 թվականին գրված «Նա» (She) ռոմանտիկ բալադը: Երգը գրեթե չորս շաբաթ գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթները, ինչպես նաև ձայնագրվել է ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով: Ստեղծագործությունը նաև օգտագործվել է Notting Hill ֆիլմի սաունդթրեքի համար: Աշխարհահռչակ երգիչը դուետներով է հանդես եկել Սինատրայի, Էլթոն Ջոնի, Սելին Դիոնի, Բրայան Ֆերիի և Սթինգի հետ:





«Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, բայց իմ ընտանիքի լեզուն հայերենն է»,- մի առիթով ասել էր Ազնավուրը:





Ազնավուրն ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ, երկրորդ անգամ՝ Էվելին Պլեսիսի հետ, երրորդ անգամ՝ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ։ Այս ամուսնությունների արդյունքում շանսոնյեն ունեցել է 5 երեխա:

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս»,-ժամանակին ասել էր Ազնավուրը:







Այս տարի հոկտեմբեր ամսին աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։