Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ելենա Արշակյանը՝ «Լեռները կհիշեն» սերիալի բարդ նկարահանումների մասին



Հոկտեմբերի 9-ից «Արմենիա» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի Ելենա Արշակյանի նոր՝ «Լեռները կհիշեն» հեռուստասերիալը։ Նախագծի անձնակազմը, ինչպես եւ նախապես նշել էր Արշակյանը, նկարահանումներ է անցկացրել Խուստուփ լեռան բարձունքում։ Պրոդյուսերի խոսքով՝ աշխատանքները տեղի են ունեցել Արցախի վրա ադրբեջանական ռմբակոծությունների օրերին, ինչը հոգեբանորեն դժվարացրել է ամբողջ ընթացքը։



«Մենք Սյունիքի լեռներում էինք ամենածանր օրերին, երբ կրակում էին Արցախի վրա։ Մենք էնտեղ էինք, որտեղից պարզ երեւում էր, թե ինչի համար են պայքարել մեր նախնիներից մինչեւ այն տղաները, ովքեր զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ավելի ծանր նկարահանումներ չեմ հիշում։ էս պահին մի բան է ստիպում աշխատել ու չկոտրվել՝ հայրենիքի մասին եւս մեկ անգամ պատմելը, մարդկանց մեր հարստությունը ցույց տալը ու ասելը՝ մենք պիտի միայն վերադառնալ սովորենք։ Մնացեք Հայաստանում, մեր հողը սիրում ա մեզ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Ելենա Արշակյանը։



Թեեւ հենց սկզբից որոշված էր, որ պետք է նկարահանումներ իրականցնեին Խուստուփում, Ելենան խոստովանում է՝ որպես խմբի ղեկավար բարդ ընտրության առաջ էր կանգնած՝ մեկնե՞լ թե՞ ոչ․



«Ինձ հետ էր գալիս մի ամբողջ խումբ, դերասաններ եւ կադրից դուրս աշխատող անձնակազմ, որոնց համար ես պատասխանատվություն էի կրում։ Բայց, երբ մի պահ սթափվեցի, հասկացա, որ պետք է մեկնել․․․ Մենք որեւէ հերոսություն չենք արել, մենք ընդամենը ցույց ենք տվել մեր հայրենիքի մի մասը՝ կարեւոր մասը, որտեղ թաղված են Գարգեին Նժդեհի մասունքները, եւ զորավարի կիսանդրին է, որի հայացքը սեւեռված է դեպի սյունյաց բարձունքները: Այս արշավն ու նկարահանումները չէին լինի առանց արշավական Գոռ Խալաֆյանի, որը արդեն մեր լավ ու հարազատ ընկերն է դարձել։ Ճիշտ են ասում՝ մարդուն ճանաչելու համար ճանապարհ անցիր։ Գոռը իր գործի նվիրյալն է, որը մեզ օգնեց դժվարին նկարահանումներ կազմակերպելու հարցում»,-ասում է պրոդյուսերը՝ հավելելով, որ շարունակելու են այցելել Հայաստանի մյուս գողտրիկ, թաքուն ու կարեւոր անկյունները եւս՝ հեռուստադիտողին «մեր պատմական հարստությունը ցույց տալու նպատակով»։