«50 տարի շարունակ ցանկանում էի Հայաստանում նվագել»․ Արա Մալիկյանի երեւանյան համերգի հասույթը կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված 5 ընտանիքի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«50 տարի շարունակ ցանկանում էի Հայաստանում նվագել»․ Արա Մալիկյանի երեւանյան համերգի հասույթը կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված 5 ընտանիքի




Հայտնի լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիկյանն առաջին անգամ հանդես կգա Երեւանում։ Երաժիշտի համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին եւ 15-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգի կազմակերպիչ «ԹԻ ԷՄ Պրոդակշն»-ի նախագահ Թովմաս Մարտիրոսյանը տեղեկացնում է՝ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված հինգ ընտանիքի։

Մալիկյանի առաջին համերգը պետք է տեղի ունենար այսօր՝ հոկտեմբերի 13-ին, սակայն նրա խմբի երաժիշտների չվերթը հետաձգվել է, ինչի հետեւանքով համերգը տեղափոխվել է հոկտեմբերի 15-ին։ Կազմակերպիչների խոսքով՝ համերգի համար գնված տոմսերը ուժի մեջ կլինեն, իսկ ցանկության դեպքում՝ հնարավոր կլինի հետ վերադարձնել։



«Ես 55 տարեկան եմ, 50 տարի շարունակ ցանկանում էի Հայաստանում նվագել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երաժիշտը՝ շեշտելով՝ ոգեւորված է Երեւանում ելույթ ունենալու համար։

«Ես շատ հուզված եմ, շատ ուրախ, որ Երեւանում եմ, եւ այստեղ առաջին անգամ համերգ եմ ունենալու։ Գիտեմ, որ ամբողջ աշխարհի հայերս շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Այդ պատճառով մտածում էինք հետաձգել համերգը, բայց, ի վերջո, որոշեցինք, անել այն ու հասույթը տրամադրել բռնի տեղահանված արցախահայության կարիքները հոգալուն»։

Երաժիշտը խոսեց դասական երաժշտության հանդեպ իր սիրո մասին՝ հավելելով, որ համերգներին կներկայանա հենց այդ ոճում։

«Ես դասական երաժշտությունը շատ եմ սիրում։ Եղել է շրջան, որ միայն դասական եմ նվագել, եղել է, որ կյանքի բերումով այլ երաժշտություն եմ նվագել՝ ջազ, ֆլամենկո; Հիմա իմ անհատական գործերի շուրջ եմ աշխատում, որոնք ինձ ոգեշնչում են։ Իմ նպատակը տարբերվելն է, ամեն երկու տարվա ընթացքում նորությունների եմ դիմում»։



Մալիկյանը պատմեց, որ Հայաստանում հաճախ է եղել, լավ ծանոթ է երկրին, «բայց այլ բան է այցելել եւ համերգ տալ, զգալ ժողովրդի հետ շփումը։ Ես եւ խումբս մեր ամբողջ մարմնով եւ հոգով ամեն ինչ անելու ենք, որ հրաշալի ժամանակ ապահովենք»։

Երաժիշտը նշում է՝ իր վրա մեծ ազդեցություն են թողել հայ կողմպոզիտորները, որոնց երաժշտությունը ոչ միայն սիրում է, այլեւ՝ նվագում։

«Հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները միշտ նվագել եմ՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Մանսուրյան․․․ Շատ լավ ծանոթ եմ այդ երաժշտությանը։ Նաեւ անդրադարձել եմ ու սովորել ժողովրդական ստեղծագործությունները։ Այդ գործերն իմ վրա մեծ ազդեցություն են թողել, հայկականն իմ ներսում է»։

Իսկ բեմում լինելն արտիստը համարում է «հրաշք», որն իր համար հանգստության հասնելու միջոց է։

«Հրաշք է, երբ արտիստը բեմում է լինում, քեզ նայում է հանդիսատես՝ անկախ թվից։ Պատասխանատվություն կա հուզելու բոլորին, ուրեմն՝ «ստիպված ես» ամբողջ էությամբ հանդիսատեսին նվիրվել։ Երբ ես բեմում եմ, մեդիտացիայի մեջ եմ լինում, այդ ընթացքն ինձ համար վայրկյան է տեւում, եւ այդ արվեստն է, որ բուժում է ցավերն ու վերքերը։ Կարեւոր է արվեստի հետ կապ ունենալը, իսկ հայկական արվեստը, հատկապես, մեծ ուժ ունի»։


Լուսանկարները՝ Արա Մալիկյանի ֆեյսբուքյան էջից