Ստաս Նամինի որդու և զոքանչի սպանության մեջ կասկածվում է խորթ որդին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստաս Նամինի որդու և զոքանչի սպանության մեջ կասկածվում է խորթ որդին




Հայտնի երաժիշտ, «Գորկի պարկ» և «Ծաղիկներ» խմբերի հիմնադիր Ստաս Նամինի որդին և զոքանչը դաժանաբար սպանվել են Մոսկվայի մարզում իրենց սեփական տանը։ «СтарХит»-ը գրում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն կալանավորել են սպանության մեջ կասկածվողին։

Ըստ տեղեկությունների, սպանության մեջ մեղադրվում է 71-ամյա երաժշտի խորթ որդին՝ Ռոման Միկոյանի (Նամինի երրորդ կնոջ որդին՝ առաջին ամուսնությունից)։

Աղբյուրի տեղեկություններով, տղամարդը սառնասրտորեն վարվել է եղբոր՝ Արտյոմ Միկոյանի և Ստաս Նամինի տարեց զոքանչի՝ Պոլինա Տկաչենկոյի հետ, որից հետո ոստիկանություն է կանչել։

Մոսկվայի մարզի դատախազությունը մեկնաբանել է տեղի ունեցածը. «Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (երկու անձի սպանություն)։ Հետաքննության տվյալներով, 2023 թվականի հոկտեմբերի 19-ի գիշերը Կրյուկովո գյուղի առանձնատանը հայտնաբերվել են 1938 թվականին ծնված կնոջ և նրա 30-ամյա թոռան դիերը։ Իրավապահները բերման են ենթարկել հանցագործության մեջ կասկածվողին։ Առաջիկայում դատարանը դատախազության մասնակցությամբ կքննի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը»։

Վարկածներից մեկի համաձայն, սպանության պատճառը գույքային վեճն էր։ Նախ Ռոմանը վիճաբանել է Պոլինա Տկաչենկոյի հետ, ապա զանգահարել Արտյոմին, ով ժամանել է դեպքի վայր։ Արդյունքում եղբայրների միջև կոնֆլիկտ է սկսվել։

Ի դեպ, ժամանակին Ստաս Նամինը ջերմորեն է խոսել խորթ որդու մասին՝ նշելով, որ փոխարինել է հորը։ «Ռոմանը Գալինայի որդին է իր առաջին ամուսնությունից։ Բայց նրա հայրը, ինձ համար անհայտ պատճառներով, երբեք չհայտնվեց Ռոմայի կյանքում: Դե, Աստված նրա հետ: Ես ամուսնացա նրա մոր հետ, երբ նա մեկ տարեկան էր, սա իմ երեխան է, և նա այլ հայր չունի»,- «7 Дней»-ին տված հարցազրույցում ասել է երաժիշտը։

Ռուս երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինը, իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեևիչ Միկոյան, ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Նրա պապը՝ Անաստաս Միկոյանը, ԽՍՀՄ-ում հայտնի քաղաքական և պետական գործիչ էր։ Պապիկի եղբայրը՝ Արտյեմ Միկոյանը, հայտնի ավիակոնստրուկտոր է, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։ Հայրը գեներալ-լեյտենանտ էր, վաստակավոր ռազմական օդաչու։ Մայրը՝ Նամի Միկոյանը (Արուտյուրնովա), ավարտել է կոնսերվատորիան։
Իր որդու՝ ռեժիսոր և օպերատոր Արտյոմի հետ Նամինը ստեղծել է «Հայաստանի հնագույն տաճարները» (2016) վավերագրական ֆիլմերը Հայաստանի պատմության և մշակույթի մասին և «Զրույց անհայտի հետ» (2016)՝ վերջին հարցազրույցը քանդակագործ Էռնստ Նեյզվեստնիի հետ։