Հայտնի երգչուհի Նառան հաղթահարել է քաղցկեղը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի երգչուհի Նառան հաղթահարել է քաղցկեղը

 


Հայտնի երգչուհի Նառա Վարդանյանը 4 տարի առաջ անցել է քաղցկեղի հաղթահարման դժվարին ուղի։ Այսօր նա փորձում է չհիշել՝ ինչպես տեղեկացավ իր ծանր ախտորոշման մասին, և ինչի միջով անցավ դրանից հետո։ Որոշ բժիշկներ կարծում էին, որ նա ապրելու շանս չունի։ Հիմա՝ հիվանդությունը հաղթահարելուց հետո, երգչուհին այս ախտորոշումով պացիենտներին խորհուրդ է տալիս՝ մի հուսահատվեք, գտեք ձեր բժշկին և վստահեք նրան։

«Կցանկանայի, որ մարդիկ երբեք չհուսահատվեն, անգամ անհուսալի վիճակից, որովհետև միևնույն է՝ պոզիտիվը հաղթահարում է ամեն ինչ։ Մարդն ինքն իրեն կարող է օգնել լավ մասնագետների օգնությամբ և նրանց հավատալով»,– ասաց նա։

Ինքը՝ Նառա Վարդանյանը, իր բժշկին գտել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Օնկոգինեկոլոգիայի ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանն իր թիմի հետ հանձն առավ այս բարդ վիրահատությունը։ Գերմանիայում, որտեղ ավելի ուշ Նառան հետվիրահատական բուժում է ստացել, հիացել էին հայ վիրաբույժների վարպետությամբ։

«Գերմանիայում շատ հիացած էին բժշկի արած աշխատանքով, որովհետեւ իրոք ինձ մոտ բարդ վիճակ էր, ագրեսիվ, արագ տարածվող տեսակն էր։ Սակայն բոլոր ախտահարված լիմֆոհանգույցները նա հեռացրել էր, ոչ մի հատ չէր թողել»,– պատմեց երգչուհին։

Արտեմ Ստեփանյանը հիշում է՝ Նառա Վարդանյանի մոտ ախտորոշվել էր արգանդի վզիկի քաղցկեղի 3-րդ փուլ՝ 5 սանտիմետրանոց ուռուցք՝ ավշային հանգույցներում մետաստազներով։ Նման դեպքերում, ժամանակակից ուղեցույցների համաձայն, ընդունված է բուժումը սկսել քիմիա և ճառագայթային թերապիաներով։ Բայց կա ևս մեկ մոտեցում, որը կիրառվում է Գերմանիայում և այլ երկրներում՝ տոտալ մեզոմետրիալ ռեզեկցիա։

«Այդ վիրահատության գաղափարը հիմնված է ոչ թե պարզ, այլ, ասպես կոչված, էմբրիոլիգիական անատոմիայի վրա։ Մարդու օրգանիզմը նման է գրքի, նրա թերթերով։ Եվ այդ թերթերը ձևավորվում են հենց հղիության ընթացքում, երբ էմբրիոնը զարգանում է, հետո դրանք դառնում են առանձին համակարգեր։ Ըստ տեսության՝ քաղցկեղը հենց այդ համակարգն է ախտահարում, և տվյալ դեպքում, բժիշկը աշխատում է ոչ թե օրգանը, այլ այդ հիվանդությամբ ախտահարված համակարգը հեռացնելու ուղղությամբ, և մենք այդպես ենք արել»,– պատմեց բժիշկ Արտեմ Ստեփանյանը։

Բժիշկն ասում է՝ բուժման ճիշտ մարտավարություն ընտրելու համար շատ կարևոր է ճշգրիտ ախտորոշումը, այդ թվում՝ բոլոր ռադիոլոգիական մեթոդների կիրառմամբ, ուռուցքային մարկերների որոշմամբ։ Ախտորոշումը պետք է լինի ամբողջական և ճշգրիտ, որպեսզի վիրահատարանում բժշկին անակնկալներ չսպասեն։

«Երբ գիտես, որ քաղցկեղ կա, շատ կարևոր է, որ հասկանաս դրա տարածվածության աստիճանը։ Որովհետև այսօրվա բժշկության մեջ վիրաբույժի համար վիրահատության ժամանակ անակնկալներ պետք է չլինեն»,– ասաց նա։

Օնկոգինեկոլոգիայում ախտորոշման մուլտիմոդալությունը շատ կարևոր է, քանի որ մեթոդներից ոչ մեկն ինքնին իդեալական չէ, ասում է «Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգ Իրինա Տրոֆիմենկոն։ Ամբողջական ախտորոշումից հետո յուրաքանչյուր հիվանդի բուժման մարտավարությունը որոշում է քաղցկեղի բուժման մեջ ներգրավված բոլոր մասնագետների մասնակցությամբ կոնսիլիումը:


«Ախտորոշման ալգորիթմը միշտ սկսվում է ուլտրաձայնային հետազոտությունից: Եթե խոսքն արգանդի վզիկի ուռուցքի մասին է, ապա դրա տեղային տարածվածությունը գնահատելու համար կիրառվում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչը թույլ է տալիս որոշել կոնքի ներսում տարածվածությունը։ Անհրաժեշտության դեպքում քաղցկեղի փուլը որոշելու համար նշանակվում է լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիա՝ կրծքավանդակ-որովայն-կոնք ծավալով, ինչը հնարավորություն է տալիս գնահատել ավշային հանգույցների վիճակը, որոնք արդեն ավելի բարձր են գտնվում՝ որովայնի շրջանում, և լյարդի ու թոքերի վիճակը:

Երբեմն՝ անհրաժեշտության դեպքում, նշանակվում է PET CT (Պետ սկան)՝ հիմնականում կասկածելի ավշային հանգույցները հայտնաբերելու համար։

Բոլոր մեթոդներով ուսումնասիրությունների արդյունքները քննարկվում են մեր կլինիկայում՝ միջդիսցիպլինար խորհրդում, որում ներառված է գինեկոլոգիական բաժանմունքի թիմը, ճառագայթային ախտորոշման, ճառագայթային թերապիայի, քիմիաթերապիայի մասնագետները, ինչպես նաև ախտաբանը: Սա բուժող բժշկին թույլ է տալիս պացիենտի մասին համապարփակ պատկերացում ստանալ, եւ պլանավորել բուժման օպտիմալ ալգորիթմը՝ կոնկրետ կլինիկական դեպքի համար»,– ասաց նա։

Արտեմ Ստեփանյանը հպարտությամբ նշում է՝ «Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգների թիմը Եվրոպայում ամենահայտնի թիմն է Հայաստանից այս ոլորտում։ Նառան միակ հիվանդը չէ, որին Գերմանիայում, կամ այլ եվրոպական երկրում խորհուրդ են տվել դիմել իրենց։ Այս հաջողության համար իրենք պարտական են նաև ախտորոշողների թիմին, որոնց գրագետ աշխատանքը վիրաբույժներին հնարավորություն է տալիս աշխատել առանց տհաճ անակնկալների: