Apple-ը շտկել է iPhone 15-ի OLED էկրանի «այրման» խնդիրը, սակայն մեկ այլ տհաճ սխալ դեռ մնում է չշտկված - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Apple-ը շտկել է iPhone 15-ի OLED էկրանի «այրման» խնդիրը, սակայն մեկ այլ տհաճ սխալ դեռ մնում է չշտկված




Apple-ը վերջերս ներկայացրել է iOS 17.1 թարմացումը, որը կարող է շտկել OLED էկրանի «այրվելու» խնդիրը iPhone 15-ում: Թարմացումը, սակայն, չի շտկում մեկ այլ մտահոգիչ խնդիր, որին բախվել են ընկերության նոր սմարթֆոնների շատ տերեր:

Թարմացումը, համաձայն iOS 17.1 բետա թողարկման նկարագրության, նպատակ ունի շտկել «խնդիրը, որի պատճառով էկրանի վրա պահպանվում է պատկերի հետքը»: iOS 17.1 RC բետա տարբերակը տեղադրած օգտատերերի հաշվետվությունները հաստատում են դրա արդյունավետությունը այս խնդիրը վերացնելու հարցում: Reddit-ի օգտատերը կիսվել է Apple սմարթֆոնի էկրանի համեմատական լուսանկարներով թարմացումից առաջ և հետո. էֆեկտը բավականին նկատելի է։



OLED էկրաններն իսկապես հայտնի են այրվելու իրենց հակումով, սակայն խնդիրը սովորաբար անմիջապես չի ի հայտ գալիս, այլ հարյուրավոր ժամեր ստատիկ ռեժիմում առավելագույն պայծառությամբ էկրանի աշխատանքից հետո: Նոր iPhone 15-ի դեպքում էկրանի այս խնդիրն ի հայտ եկավ շատ շուտ, ինչը հիմք տվեց ենթադրելու, որ խնդիրը ծրագրային է, այլ ոչ թե սարքային։

Հետաքրքիր է, ի դեպ, որ էկրանների «այրվելու» խնդիրը հանդիպում է ոչ միայն iPhone 15 Pro Max-ի, այլև iPhone 13 Pro-ի և iPhone 12 Pro-ի դեպքում։

Երրորդ կողմի փորձագետների կարծիքով, եթե այրման խնդիրը լուծվել է ծրագրային ապահովման թարմացման միջոցով, դա կարող է նշանակել, որ Apple-ի նոր սմարթֆոններն ունեցել են ոչ թե էկրանի իրական այրում, այլ այրումը կանխարգելող ալգորիթմի սխալներ, որոնք հանգեցրել են էկրանին մնացորդային պատկերի առկայությանը: Ընկերությունը դեռ չի մեկնաբանել, թե կոնկրետ ինչն է դարձել իր նոր սմարթֆոնների էկրանների «այրման» պատճառը։

Բացի այրման խնդիրը լուծելուց, iOS 17.1 RC-ի թարմացումն շտկում է նաև որոշ այլ խնդիրներ, ինչպիսիք են ստեղնաշարի ավելի դանդաղ արձագանքը, զանգահարողի անունն օտար լեզվով ցուցադրելը և ծանուցման ազդանշանների համար հատուկ զանգի անհետացումը:

Միևնույն ժամանակ, թարմացումը չի լուծում նոր սմարթֆոնների ինքն իրեն անջատվելու խնդիրը, որին բախվում են iPhone-ի օգտատերերը ողջ աշխարհում, ինչից հետո վերանում են զարթուցիչի և ծանուցումների ազդանշանների վերաբերյալ կարգավորումները։