«Մենք ընտանիք էինք»․ «Ընկերներ» սերիալի աստղերը՝ Մեթյու Փերիի «անժամանակ կորստի» մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք ընտանիք էինք»․ «Ընկերներ» սերիալի աստղերը՝ Մեթյու Փերիի «անժամանակ կորստի» մասին




«Ընկերներ» կուլտային սերիալի դերասանական կազմը սգում է իրենց նախկին գործընկեր Մեթյու Փերիի կորուստը։

CNN-ին տրամադրված համատեղ հայտարարության մեջ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Դեյվիդ Շվիմերը եւ Մեթ Լեբլանը գրել են. «Մենք անասելի ջախջախված ենք Մեթյուի կորստից: Նկարահանման հրապարակում մենք ավելին էինք, քան, պարզապես, գործընկերներ: Մենք ընտանիք էինք: Այնքան շատ բան կա, որ ուզում ենք ասել, բայց այժմ ժամանակ կհատկացնենք այս անժամանակ կորուստը վերանայելու համար: Ժամանակի ընթացքում ավելին կասենք, երբ կարողանանք։ Այս պահին մեր մտքերն ու սերը Մեթիի ընտանիքի, ընկերների եւ բոլոր նրանց հետ են, ովքեր սիրում էին նրան ամբողջ աշխարհում»:



Փերին մահացել է անցած շաբաթ օրը՝ Լոս Անջելեսի իր տանը: Նա 54 տարեկան էր։

Դերասանը 1994-ից 2004 թվականներին նկարահանվել է NBC-ի Friends/«Ընկերներ» սիթքոմում՝ մարմնավորելով Չենդլեր Բինգի՝ հմայիչ եւ հեգնական երիտասարդի կերպարը: Շոուն իր ժամանակներում ամենահայտնիներից էր, եւ մինչ օրս շարունակում է գրավել երիտասարդ լսարանին:

Իր դերի համար Փերին 2002 թվականին նոմինացվել էր «Էմմի» մրցանակի, իսկ 2021 թվականին նա առաջադրվել էր նաեւ որպես HBO Max-ի հատուկ՝ «Ընկերներ. վերամիավորում» ֆիլմի գործադիր պրոդյուսեր։



Կիրակի օրը «Ընկերներ»-ի համահեղինակներ Մարթա Քաուֆմանը եւ Դեյվիդ Քրեյնը, ինչպես նաեւ գործադիր պրոդյուսեր Քեւին Բրայթը նույնպես հանդես էին եկել ցավակցական խոսքով՝ նշելով, որ «ցնցված եւ խորապես վշտացած են սիրելի ընկեր Մեթյուի մահից»:

«Մենք միշտ կգնահատենք այն ուրախությունը, թեթեւությունը եւ հնարամտությունը, որը նա դնում էր ոչ միայն իր աշխատանքի, այլեւ կյանքի նամեն պահի մեջ: Նա միշտ սենյակում ամենազվարճալի մարդն էր։ Նա առատաձեռն էր ու անձնուրաց... Մեր սրտերն, իսկապես, կոտրված են»,-ասվում է հայտարարության մեջ։

«Ընկերների» դերասանական կազմի միջեւ եղած քիմիան դուրս էր եկել նրանց էկրանային խաղի սահմաններից: Դերասանները կապը պահում են 2004 թվականից՝ շոուի ավարտից ի վեր։

«Նրանք շատ սիրելի են ու համախմբված»,-ասել է Փերին 2021 թվականին՝ Entertainment Tonight-ին տված իր հարցազրույցի ժամանակ,-«Երբ մենք տեսնում ենք միմյանց, դա շատ հուզիչ հանդիպման է վերածվում»,-հավելել է նա: