«Բոբ-Ռոբ». ԱՄՆ-ում նկարահանված հայկական ֆանտաստիկ սերիալն այսօրվանից կմեկնարկի YouTube-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Բոբ-Ռոբ». ԱՄՆ-ում նկարահանված հայկական ֆանտաստիկ սերիալն այսօրվանից կմեկնարկի YouTube-ում



Դեկտեմբերի 1-ից YouTube-ում կմեկնարկի «Բոբ-Ռոբ» 12 մասից բաղկացած ֆանտաստիկ հումորային սերիալը: Նախագիծը Nersissian Films-ի եւ Novus Entertainment-ի համատեղ արտադրանքն է: Ֆիլմի պրոդյուսերները Նարեկ Ներսիսյանն ու Դավիթ Ադամյանն են, ռեժիսորը՝ Կարեն Խոսրովյանը: Սցենարը հեղինակել են Անդրանիկ Իսահակյանն ու Արթուր Սարգսյանը:

«Նախագծի գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ ես որոշեցի նկարահանվել (մոտ 8-9 տարի չէի նկարահանվել ոչ մի նախագծում): Շատերն ասում էին՝ պետք է երեւաս, ու քանի որ շուկայում առկա սերիալները կրիմինալի կամ կենցաղային թեմաների մասին են, որոշեցի ինչ-որ տարբերվող բան անել՝ ստեղծելով կերպար, որն առաջնահերթ ինձ հետաքրքիր կլիներ, եւ որով տարբեր կլիներ նաեւ նախագիծը»,-նշեց Նարեկ Ներսիսյանը, որը բացի պրոդյուսերը լինելուց՝ մարմնավորում է նաեւ ֆիլմի միանգամից երկու առանցքային կերպարներին:



«Քանի որ արհեստական բանականությունը հիմա շատ արդիական թեմա է, առաջացավ ռոբոտի գաղափարը, մանավանդ, որ հայկական իրականության մեջ դեռ գիտաֆանտաստիկ ժանրի որեւէ սերիալ չկա: Այն նաեւ ունի թեթեւ, հումորային ակնարկներ»,-մանրամասնեց Նարեկը:

Ֆիլմի սյուժեի հիմքում պատանու ու ռոբոտի ընկերությունն է: «Ամերիկահայ ընտանիքի միակ երեխան՝ Ջոյը, որը դպրոցում այդքան էլ իրեն չի գտնում, քանի որ երբեմն ծաղրում են իր տարբերվող լինելու համար, պատահաբար ավտոտնակում գտնում է ռոբոտի ինչ-որ մասեր ու սկսում ուսումնսիրել, իսկ որոշ ժամանակ անց հավաքում է մի ռոբոտ, որը ժամանակին իր հայրն էր ստեղծել, բայց կիսատ թողել: Ջոյը ռոբոտին անվանում է Բոբ, որը սկզբում շատ սահմանափակ է լինում, բայց հետո զարգանում է պատմությանը համընթաց՝ դառնալով մարդու նման: Սակայն իրադարձությունները թեժանում են, երբ Հայաստանից ժամանում է հորեղբայր Ռոբը: Խնդիրը նրանում է, որ Բոբն արտաքինով նման է հորեղբորը»:



Թե ռոբոտի, թե հորեղբոր կերպարները մարմնավորում է Նարեկը: Նրա խոսքով՝ մյուս դերասանների ընտրությունը դժվար է եղել: «Ցանկաում էինք գտնել այնպիսի դերասանների, որոնք թե արտաքնապես, թե էներգետիկայով կհամապատասխանեին կերպարներին, մեզ համար կարեւոր էր, որ այս ամենի հետ մեկտեղ բոլորը լինեին լավ դերասաններ, որոնք կարող էին փոխանցել բոլոր էմոցիաները: Ընտրությունը երկար տեւեց, բայց, վերջապես, գտանք ֆիլմի 4 հերոսներին. Ջոյին մարմնավորում է Դավիթ Մարտիրոսյանը, նրա հորը՝ Մայքլին՝ Միքայել Շարաֆյանը, Սյուզանին՝ ընտանիքի մորը, մարմնավորում է Մարինե Մինասյանը, իսկ Աննա Սիմոնյանը Լյուսիի կերպարում է, ով ավելի ուշ է հայտնվում սերիալում»:



Նարեկն ասում է՝ ֆիլմի աշխատանքները բավական երկար են տեւել՝ օրական 15-17 ժամ: Նկարահանումներն ամբողջությամբ արվել են Միացյալ Նահանգներում: