TIME-ի «Տարվա մարդ 2023»-ի կարճ ցուցակը․ Թեյլոր Սվիֆթ, Վլադիմիր Պուտին, Բարբի եւ այլք - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

TIME-ի «Տարվա մարդ 2023»-ի կարճ ցուցակը․ Թեյլոր Սվիֆթ, Վլադիմիր Պուտին, Բարբի եւ այլք



TIME-ը հրապարակել է 2023 թվականի «Տարվա մարդ» անվանակարգի իր եզրափակիչ թեկնածուներին: Այս տիտղոսը ամսագրի կողմից շնորհվում է այն անձին կամ խմբին, որի անունը տարվա ընթացքում ամենաշատն է շոշափվել մամուլում՝ լավ թե վատ: Փոփ աստղերից մինչեւ նախագահներ, խաղալիքներից մինչեւ տեխնոլոգիական մագնատներ․ այս տարի եզրափակիչ անցած 9 մասնակիցները ներկայացնում են տարբեր ոլորտների բազմազան շրջանակ:

Հոլիվուդյան գործադուլավորներ. Հոլիվուդում գործադուլ հայտարարած գրողներն ու դերասանները, ովքեր փնտրում են ավելի լավ աշխատանքային պայմաններ, ամբողջովին կանգնեցրել են բազմաթիվ հեռուստատեսային շոուների եւ ֆիլմերի արտադրությունը:



Հաղորդվում է, որ դա դերասանների ամենաերկարատեւ գործադուլն էր Ամերիկայի գրողների գիլդիայի պատմության մեջ:

Սի Ցզինպին. Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այժմ իր կառավարմամ երրորդ ժամկետում է, ինչը նրան դարձնում է երկրի ամենահզոր ժամանակակից առաջնորդներից մեկը:



Նա 2017 թվականին «Տարվա մարդ» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը եւ ընդգրկվել TIME100 ցուցակում, որում ներառված են աշխարհի 100 ամենաազդեցիկ գործիչները:

Թեյլոր Սվիֆթ. «Գրեմմիի» մրցանակակիր արտիստը 2023 թվականին շարունակեց համաշխարհային ռեկորդներ գերազանցել՝ սկսելով իր «Eras Tour»-ն ու համերգային ֆիլմը, ինչպես նաեւ թողարկելով եւս երկու վերաձայնագրված ալբոմ։



Նա նաեւ միլիարդատիրոջ կարգավիճակ է ստացել։ Սվիֆթը նախկինում հայտնվել էր ամսագրի 2017 թվականի «Տարվա մարդ» շապիկին:

Սեմ Ալթման. OpenAI-ի գործադիր տնօրենը, որը մշակել է արհեստական ​​ինտելեկտի ChatGPT հեղափոխական ծրագիրը, վերջերս բազմաթիվ անդրադարձներ է գրանցել մեդիայում՝ ընկերությունից իր կարճատեւ հեռանալու եւ վերադարձի հետ կապված:



Ալթմանը ընդգրկվել է 2023 թվականի TIME100 ցուցակում եւ առաջին անգամ՝ TIME100 AI ցուցակում:

Թրամփի դատախազները. 2023 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ Ամերիկայի պատմության մեջ միակ նախագահը, որին քրեական մեղադրանք է առաջադրվել:



Թրամփին մեղադրում են ընտրությունների արդյունքները կեղծելու, գաղտնի փաստաթղթերի ապօրինի տիրապետման եւ բիզնես գրառումները կեղծելու մեջ։

Բարբի. Մարգո Ռոբիի եւ Ռայան Գոսլինգի մասնակցությամբ էկրաններ բարձրացած «Բարբի» ֆիլմը 2023 թ-ին արագ դարձավ մշակութային ֆենոմեն եւ տարվա ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմը՝ վաստակելով 1,4 միլիարդ դոլար:



Դրա հաջողությունը նպաստեց Mattel-ի խորհրդանշական տիկնիկների շարքի ժողովրդականության համաշխարհային վերածնմանը:

Վլադիմիր Պուտին. Ուկրաինա ներխուժելուց գրեթե երկու տարի անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է ցուցադրել իր հզորությունն ու մեծ ազդեցությունը:



Պուտինը, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից, 2007 թվականին ճանաչվել է տարվա մարդ եւ մի քանի անգամ հայտնվել է TIME100-ի ցուցակում։

Թագավոր Չարլզ III. 2022 թվականի վերջին Եղիսաբեթ II թագուհու մահից հետո Չարլզ III թագավորը թագադրվեց 2023 թվականի մայիսին:



Նրա թագավորությունը համեմատաբար զերծ մնաց հակասություններից եւ հիմնականում բնութագրվում էր չորս երկրների եւ Միացյալ Թագավորությունը կազմող բազմաթիվ էթնիկ եւ կրոնական խմբերի միջեւ հարաբերություններն ամրապնդելու ջանքերով:

Նրա մայրը «Տարվա մարդ» կոչմանն արժանացել էր 1952 թ-ին։

Ջերոմ Փաուել. Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը առանցքային դեր է խաղացել գնաճի կառավարման գործում, որը պատուհասել է Միացյալ Նահանգներին վերջին մի քանի տարիների ընթացքում:



Նա ընդգրկվել է TIME100-ում 2019 եւ 2020 թվականներին։

TIME-ի 2023 թվականի տարվա մարդը կհայտարարվի դեկտեմբերի 6-ին: