Սուրեն Պողոսյանը՝ «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի, բացասական դերի և թատրոնում աշխատանքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սուրեն Պողոսյանը՝ «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի, բացասական դերի և թատրոնում աշխատանքի մասին




Արդեն մեկ ամիս է ինչ եթերում է «Լեռները կհիշեն» հեռուստասերիալը, որը Ելենա Արշակյանի և Անահիտ Մխիթարյանի նոր աշխատանքն է: Հեռուստասերիալը պատմում է տարբեր ընտանիքների պատմության, երիտասարդների կյանքի, վրեժի և տարբեր սերունդների հարաբերությունների մասին: «Լեռները կհիշեն» հեռուստասերիալում նաև ներգրավված է երիտասարդ դերասան Սուրեն Պողոսյանը, որը հասցրել է նկարահանվել տարբեր արտասահմանյան նախագծերում, բայց հայկական հեռուստասերիալում նկարահանվում է առաջին անգամ:



Tert.am Life-ը զրուցել է երիտասարդ դերասանի հետ, որը պատմել է բացասական դերի, հանրության արձագանքի, բարդ տեսարանների և Կամերային թատրոնում ծավալած գործունեության մասին:

«Մոտ 3-4 անգամ փորձել ենք համագործակցել Ելենա Արշակյանի թիմի հետ, բայց անընդհատ լինում էին խոչընդոտներ, որ չէի կարողանում աշխատանքային գրաֆիկս հարմարեցնել նկարահանումներին, բայց այս անգամ մենք կարողացանք համագործակցել՝ ընտրելով բացասական հերոսի: Դեռևս ուսանողական տարիներին խաղացել եմ դրական դերեր՝ մարմնավորելով բարի հերոսների: Կամերային թատրոնում ևս դրական հերոսների եմ մարմնավորում և ուզում էի, որ մուտքս հեռուստաեթեր լինի բացասական հերոսով, քանի որ այստեղ շատ գույներ կան, սա որոշ իմաստով մարտահրավեր է. երբ մարմնավորում ես բացասական հերոսի, որն ունի ոչ միանշանակ ընկալում»,- ասաց երիտասարդ դերասանը:



Դերասանը պատմեց, որ այս փուլում ստացել է բազմաթիվ մեղադրական նամակներ և մեկնաբանություններ, որոնք պայմանավորված են եղել դերով:

«Այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դրսում հանդիպել եմ բացասական արձագանքի, քանի որ մարդիկ ինձ ասոցացնում են մարմնավորած կերպարի հետ և չեն տարանջատում ինձ և հերոսին: Միջադեպ է եղել, երբ շտապում էի և պետք է մետրոյով գնայի, բայց աշխատակցուհին որոշեց, որ պետք է չվաճառի ժետոն՝ ասելով, որ ես վատ եմ վարվում կանանց հետ: Բնականաբար, իմ մոտեցումները կյանքում այլ են և որևէ առնչություն չունեմ հերոսիս հետ. կերպար է, որը պետք է մարմնավորել: Հաճախ նաև ուրախանում եմ, որ մարդիկ հավատում են հերոսիս և մտածում են՝ ես նույնպես այդպիսին եմ»,- հավելեց Սուրեն Պողոսյանը:



Դերասանի խոսքով՝ բացասական հերոսի մարմնավորելը տալիս է նոր հնարավորություններ դերասանի համար:
«Նկարահանման հրապարակում աշխատում են պրոֆեսիոնալներ և մենք ունեցել ենք բարդ տեսարան Վիկտորիա Սահակյանի հետ, որտեղ նա պետք է շշով հարվածեր գլխիս, բայց մենք կարողացել ենք իրականությանը մոտ պատկեր և հետևանքներ ստանալ: Ուրախ եմ, որ ներգրավված եմ այս նախագծում և հենց այս դերով»,- նշեց դերասանը:

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալը երիտասարդ դերասանի առաջին աշխատանքը չէ, քանի որ նախկինում Սուրենը նկարահանվել է արտասահմանյան նախագծերում, մասնավորապես «Симон» և «Purgatory» ֆիլմերում:

««Purgatory» ֆիլմում նկարահանումը կարևոր փորձ էր ինձ համար, քանի որ հայ-ամերիկյան արտադրանք էր, բայց ամբողջ նկարահանումներն անցել էր անգլերենով և սա հայ դերասանի համար մարտահրավեր է: Այժմ հայկական հեռուստասերիալում նկարահանվելով՝ կարող եմ ասել, որ երբեմն անում ենք իմպրովիզներ, բայց նախագծում, որտեղ դու խոսում ես օտար լեզվով պետք է հրաշալի կերպով տիրապետես տեքստերիդ»,- ասաց դերասանը:



Սուրեն Պողոսյանն այս շրջանում աշխատում է նաև Կամերային թատրոնում: Մեզ հետ զրույցում դերասանը նշեց, որ վաղ տարիքից երազել է լինել երգող դերասան և թատրոնը նրան տալիս է այդ հնարավորությունը:

«Փոքր տարիքում, երբ մտածում էի ապագա մասնագիտության մասին միշտ նշում էի, որ ցանկանում եմ լինել երգող դերասան և բնականաբար այսօր Կամերային թատրոնը լավագույն հարթակն է: Պատրաստվում եմ մոտ ապագայում հանձնել նաև երաժշտական աշխատանքներ, չնայած քչերը կհիշեն, բայց ես մասնակցել եմ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին և այնտեղ կարողացել եմ հաջողություններ գրանցել»,- հավելեց դերասանը: