Կերպարից կերպար, առաջին անգամ՝ ոճափոխություն, իսկ ի՞նչ կա անձնականում․ 2023-ի ամփոփում՝ Դալիթայի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կերպարից կերպար, առաջին անգամ՝ ոճափոխություն, իսկ ի՞նչ կա անձնականում․ 2023-ի ամփոփում՝ Դալիթայի հետ




Ասում են՝ ինչպես սկսես տարին, այնպես էլ կավարտես։ Դալիթա Ավանեսյանը 2023-ը սկսեց ակտիվ նկարահանումներով եւ նույն տեմպով էլ ավարտում է այն։ «Հատուկ դասարան», «Իրար դեմ», այժմ էլ՝ «Կախվածություն»․ ինչպե՞ս է երգչուհուն հաջողվում կերպարից կերպար անցումն ու այդ ամենին զուգահեռ՝ անձնական կյանքի այդքան «պրոֆեսիոնալ կոծկումը»։ NEWS.am STYLE-ն ամփոփել է Դալիթայի ստեղծագործական տարին եւ անդրադարձել նաեւ նրա ոճային փոփոխությանը։



«Շանթ» հեռուստաալիքի «Հատուկ դասարան»-ը առաջին երկարատեւ նախագիծն էր երգչուհու մասնակցությամբ, «Նոր-նոր էի սկսում հարմարվել նման ռիթմին: Բայց շատ եմ սիրում նկարահանումները, փոքրուց եղել եմ դրանց մեջ, եւ ինձ համար հաճելի է ամբողջ ընթացքը»,-պատմում է նա,-«Իհարկե, լինում են ծանրաբեռնված օրեր, գուցե հոգնեմ, ուշ ժամի ավարտվի նկարահանումը, դժվար լինի առավոտյան արթնանալը, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը, եւ ուրախ եմ, որ մի նախագծի ավարտից հետո ունենում եմ աշխատանքի այլ հնարավորություն»:



Երեք տարբեր նախագիծ, երեք տարբեր կերպար։ Դալիթան նշում է՝ ցանկացած հերոսուհու շուրջ աշխատելիս առաջնային սկզբունքը չկրկնվելն է։

««Հատուկ դասարան»-ի Մերիին փորձում էի ավելի կոպիտ խաղալ, նույնիսկ, ձայնիս հնչերանգն եմ փոխել: «Իրար դեմ» սերիալում շեշտը դրել էինք Լիլիթի ոճային կերպարների վրա՝ մազերը, հագուստը: Իհարկե, խաղն էլ էր կարեւոր, որով նա շատ կտրուկ տարբերվեց նախորդ կերպարից՝ ավելի խենթ էր, աշխույժ, ուրախ, բաց… Փորձել էի նրա խոսքի մեջ առոգանություն ավելացնել՝ արագ խոսելու, նուրբ ձայնի եւ իրեն բնորոշ քմծիծաղի օգնությամբ: Ներկայիս կերպարը՝ Սոնան, կրկին դպրոցական է, բայց Մերիից տարբերվում է. Սոնան ավելի հասուն է, չունի այդ կոպտությունը, հակառակը՝ նուրբ է, ավելի կանացի ու փխրուն, բայց փորձում է ուժեղ ձեւանալ՝ հանուն իր ընտանիքի: Նոր եմ փորձում այս կերպարին հարմարվել, փոքրիկ հետաքրքրություններ դնել նրա մեջ»:



Նոր դերին անցնելուց առաջ երգչուհին առաջին անգամ դիմեց սանրվածքի փոփոխության՝ արեց շերտավոր կտրվածք ու բացացրեց մազերի երանգը։ Այս ամենը համընկավ նոր կերպարի հետ ու դարձավ նաեւ Սոնայի տարբերակիչ հատկանիշը՝ իր մարմնավորած մյուս հերոսուհիներից։ Թեեւ փոփոխությունն աննշան էր, այն միանգամից բուռն արձագանքի արժանացավ երգչուհու հետեւորդների կողմից, քանի որ նախկինում Դալիթան երբեք փորձարկումներ չէր արել մազերի հետ:



«Վաղուց էի ցանկանում մազերիս երանգը փոխել, բայց քանի որ նկարահանվում էի սերիալում, կտրուկ փոփոխություն չէի կարող անել: Երբ ավարտվեց «Իրար դեմ»-ը, որոշեցի գնալ այդ քայլին, հետո ստացա նոր նախագծի առաջարկը ու փոփոխությունը ստացվեց նաեւ կերպարիս համար: Լավ կարծիքներ եմ լսել փոփոխությանս վերաբերյալ, շատերը բուռն էին արձագանքել, որովհետեւ բոլորի մոտ տպավորություն էր, թե ես միշտ պետք է նույն մազերով լինեմ: Չեմ բացառում, որ, գուցե, հետագայում այլ ոճափոխություն էլ անեմ մազերիս հետ, բայց արտաքին այլ փոփոխությունների չեմ դիմի»:



Նուրբ դեմքով ու նրբակազմ Դալիթան ասում է՝ կցանկանար որեւէ նախագծում հանդես գալ բացասական կերպարով։ «Իմ մտքով, նույնիսկ, չէր անցնի, որ այսքան տարբեր հերոսուհիների կմարմնավորեի, բայց ինձ միշտ հետաքրքրել են բացասական կերպարները, որոնք հետաքրքրություն են բերում իրենց տեսակով, քանի որ ինքս շատ արտասհմանյան սերիալներ եմ դիտում, այնտեղ էլ չարագործներն ամենահետաքրքիրն են լինում ինձ համար»:



Չնայած տարբեր նախագծերին ու տարբեր կերպարներին՝ Դալիթան այն հայտնիներից է, ում անվան շուրջ «սիրային ասեկոսեներ» չեն պտտվում։ Ինչպե՞ս է նրան հաջողվում խուսափել նման քննարկումներից։

«Հատուկ ոչինչ չեմ անում, պարզապես սիրում եմ աշխատանքը զատել անձնական կյանքից: Ես խաղընկերներիս հետ, հիմնականում, շփվում եմ նախագծի շրջանակում, ու ուրախ եմ, որ մարդիկ էլ հասկանում են, որ նախագծից դուրս ոչինչ չկա»,-ասաց նա, իսկ հարցին՝ արդյոք անձնականում կա՞ փոփոխություն, պատասխանեց,-«Ինչպես ասում է՝ Սքարլեթ Յոհանսոնը՝ թողնում եմ դա ձեր երեւակայությանը» (ծիծաղում է):









Լուսանկարները @theeiconn