Ելենա Արշակյանի անակնկալն՝ Անի Երանյանին, Աննա Հարությունյանի հուզմունքը՝ մազերը կտրելիս․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ելենա Արշակյանի անակնկալն՝ Անի Երանյանին, Աննա Հարությունյանի հուզմունքը՝ մազերը կտրելիս․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ



Հայկական Instagram-ում ամենաշրջանառվող եւ հետաքրքիր իրադարձությունները նախորդ շաբաթում։

Նոր հիթ՝ Սիրուշոյից։ Երգի միայն թիզերն է առայժմ հասանելի, բայց արդեն այնքան է տարածվել, որ դրա հիթ լինելու մասին վստահորեն կարելի է խոսել։ My Bad երգը հայերենի եւ անգլերենի միքս է՝ «My bad, որ քեզ լսեցի: My bad, որ հավատացի, քեզ հասկանալ փորձեցի․․․»,-ասվում է ստեղծագործությունում, որից փոքրիկ հատված Սիրուշոն ներկայացրել է նախորդ շաբաթվա ընթացքում։ Երգչուհին, սակայն, չի նշել երգի ամբողջական տարբերակի թողարկման ամսաթիվը։


Անի Երանյանը փետրվարի 4-ին նշել է ծննդյան 33-ամյակը։ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհուն հուզիչ անակնկալ է արել մտերիմ ընկերուհին՝ ռեժիսոր Ելենա Արշակյանը։ Նա Երեւանից հատուկ մեկն է Լոս Անջելես՝ Անիին շնորհավորելու, ինչը դերասանուհու համար այնքան անսպասելի է եղել, որ նա երջանկությունից արտասվել է։ Էմոցիոնալ հոլովակով ռեժիսորը կիսվել է Instagram-ի իր էջում՝ նշելով,-«Ու կան անփոխարինելի մարդիկ… #իմս… Երանյանս.. Շնորհավոր ծնունդդ»։


Դերասանուհին ծննդյան առթիվ մի շարք շնորհավորանքներ է ստացել։ Նազենի Հովհաննիսյանն Անի Երանյանին շնորհավորել է հատուկ գրառմամբ, որն արել է իրենց համատեղ լուսանկարին կից․ «Անի ջան, սիրուն հոգի, ծնունդդ շնորհավոր: Դու իմ ճանաչած երբեմնի նույն մաքուր, երբեմն, նույնիսկ, միամիտ Անին ես, շատ ուժեղ կաղապարի տակ թաքնված նրբագույն հոգի` տաղանդավոր, անսահման աշխատասեր ու խոնարհ:
Քեզ սեր եմ մաղթում միայն, որ բոլոր կարոտներդ խտանան մեջդ ու մի օր պայթեն անվերադարձ՝ իսկական եւ տարածական սիրով: Մաղթում եմ, որ շուտ հասնես Մայրիկիդ, որ շատ գրկես, որ կարոտդ առնես վերջապես։
Ու լիքը լավ, յուրահատուկ դերեր եմ մաղթում՝ Հոլիվուդից Հայաստան։
Գրկում եմ՝ մինչեւ մյուս տեսնվելը»,-գրել է հաղորդավարուհին։

 


Աննա Հարությունյանը եւս հուզել է հետեւորդներին։ Դերասանուհին, որն այս շրջանում զբաղված է իր ռեժիսորական աշխատանքի՝ Նազիկ Ավդալյանի մասին «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումներով, որում հանդես է գալիս գլխավոր հերոսուհու դերում, հանուն դերի հրաժարվել է իր այցեքարտը դարձած երկար մազերից։ Դերասանուհին տեսանյությում արցունքներն աչքերին նշում է, որ թեեւ մազերն իր կերպարի ամենակարեւոր մասն էին կազմում, սա հենց այն կերպարն էր, որի համար գնացել է այդ քայլին։

 


«Ես պատրաստ էի կերպարիս համար 12 կգ քաշ հավաքել, ես պատրաստ էի մարմինս ձեւափոխել, ես պատրաստ էի, թերեւս, բարդագույն սպորտաձեւերից մեկի ՝ ծանրամարտի օրենքներին ենթարկվել՝ մեկ տարվա ընթացքում մի քանի հարյուր տոննա քաշ բարձրացնելով, մարզվել ամեն Աստծո օր, ես պատրաստ էի նույնիսկ անհնարին թվացող գյումրվա բարբառը յուրացնել, բայց հրաժարվել վարսերիցս, ինչ խոսք, հեշտ չէր...»,-խոստովանել է Աննան։

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, հայտնել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից հեռանալու մասին:

«Ազատման դիմում գրեցի… Դժվար էր, ծանր, բայց բարոյական... ու էդպես կլինի միշտ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք...

Հ.Գ. Կներես Մուշեղիչ... մի օր ամեն ինչ լավ կլինի....»,-ինստագրամյան հրապարակման մեջ նշել է դերասանուհին:


Թատրոնից հեռանալու իր որոշման մասին հայտնել է նաեւ դերասան Լեւս Դավթյանը՝ նշելով, որ «անհամատեղելի է համարում իր հետագա աշխատանքը թատրոնի ներկայիս տնօրինության հետ»:

Թատրոնի գեղարվեստական տնօրեն Մհեր Մկրտչյանն ամիսներ առաջ ազատվել էր պաշտոնից։ Երեւանի քաղաքապետարանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել դերասանուհի Տաթեւ Մելքոնյանին։