«Պետք է արժեւորել ու գնահատել մեր սահմանի յուրաքանչյուր միլիմետրը». Կարեն Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պետք է արժեւորել ու գնահատել մեր սահմանի յուրաքանչյուր միլիմետրը». Կարեն Հովհաննիսյան



iravunk.com-ը գրում է.

«Իրավունքը» զրուցել է դերասան, շոումեն, Քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Կարեն Հովհաննիսյանի հետ:

-2023 թվականն ինչպիսի՞ տարի էր Ձեր համար:

-Ստեղծագործական առումով բավականին բուռն տարի եմ ունեցել, իսկ ինչ վերաբերվում է երկրի վիճակին` բավականին ծանր տարի էր: Աշխարհում թող երբեք պատերազմներ չլինեն: Եվ այն պատերազմները, որ տեղի ունեցան 2023թվականին և դրանից առաջ թող մնան անցյալում:

— Դուք մասնակցել եք արցախյան ե՛ւ Քառօրյա, ե՛ւ 44 օրյա պատերազմներին, այն ամենը, ինչ տեսաք ու զգացիք, ի՞նչ փոխեց Ձեր ներաշխարհում:

— Մինչ Քառօրյա եւ 44-օրյա պատերազմին մասնակցելը` այդ կյանքին ծանոթ եմ եղել: Դեռ փոքր տարիքից անցել եմ պատերազմի թոհ ու բոհի միջով: Բայց այն ժամանակ ոչ թե մարտի դաշտում, այլ` 1990-ական թթ.-երին, երբ հայրս Արցախյան առաջին պատերազմին էր մասնակցում: Նրա ամեն գալուստից, տեսքից, ընկերների հետ հավաքույթներից ու պատմություններից պատերազմի մասին արդեն որոշակի գաղափար ունեի, եւ այն իր ազդեցությունն ունեցել է ինձ վրա: Եվ հետո մենք բնակվել ենք զորամասին հարակից, եւ զինվորական կյանքին լավ ծանոթ էի: Հայրս զինվորական էր եւ անընդհատ շփումը զինվորականների հետ էր: Նաեւ ծառայության ընթացքում եմ ծանոթ եղել զինվորական կյանքին: Դրանից հետո հաջորդեց Քառօրյա, այնուհետեւ 44-օրյա պատերազմը, որին մասնակցել եմ, բայց առաջնագծում չեմ եղել: Այդ վիճակն այնքան ծանոթ ու սովորական էր արդեն դարձել ինձ համար, որ նույնիսկ եղել է օր, որ թաքնվելու փոխարեն ԱԹՍ-ներն էի նկարում: Ինձ ասում էին` դու խենթ ես, չե՞ս վախենում մահից: Ասում էի` երբ արդեն սահման ես հասել, ինձ թվում է` պետք է չվախենաս մահից: Քանի որ դու գիտակցում ես, որ ցանկացած պահի կարող է եւ չլինես:

— Ֆեյսբուքում շատ են հայրենասիրական սրտաճմլիկ գրառումներ անող տղամարդիկ: Ըստ Ձեզ, այսօր ոչ թե խոսքով, այլ գործով քանի՞սը զենքը ձեռքին կգնան մեր հայրենիքի սահմանը պաշտպանելու:

— Դա շատ լուրջ խնդիր է: Եվ հայրենասիրության ոգին դաստիարակելը նախեւառաջ պետք է սկսել ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից... Բայց երբ ընտանիքի գաղափարը դու դարձնում ես առաջնային` քո ապրելու, քո լինելու, քո բարեկեցության համար շատ կլինեն պատերազմից ու բանակից խուսափողներ: Պետք է արժեւորել ու գնահատել մեր սահմանի յուրաքանչյուր միլիմետրը: Թշնամուն դու չպետք է թողնես քո շեմից ներս: Իսկ այսօր մեր դասագրքերից հանում են պատմության շատ էջեր: Ինչ-որ նոր օրինագիծ են մշակում, որ դպրոցական դասագրքերում ոչ թե «Հայոց պատմություն» լինի, այլ լինի` «Հայաստանի պատմություն»: Նման օրինագիծ մտցնողին եւ նույնիսկ առաջարկողին բավականին մեծ հայհոյանքով կարելի է անդրադառնալ: Երբ այսօր Հայոց պատմությունը, որ մենք դարերով ունենք, կխմբագրեն, դրանից հետո կունենանք ընդամենը պատմության էջեր` «բրոշյուրի» տեսքով: Մեր երկրում ազգային արժեքները վերացել են: Իմ ամբողջ կռիվը անընդհատ այդ պահպանողականության հետ է պայմանավորված, որ ես ցանկացած տեղ ասում եմ` եկե՛ք պահենք մեր ազգայինը: Գագիկ Գինոսյանն այնքան սիրուն է անում այդ ամենը: Հարսանիքների, միջոցառումների ժամանակ ես ուրախությունից ցնծում եմ, երբ իր ներկայությունը կա, այդ ժամանակ մենք պարում ենք միայն ազգային պարեր: Ես փշաքաղվում եմ, երբ տեսնում եմ նրանց, ովքեր համախմբված են այդ գաղափարի շուրջ` պարում են միայն ազգային, այլ ոչ թե անհասկանալի շարժումներով պարեր: Հենց այդ անհատներն են, որ այսօր գոնե մի քիչ պահում են երգի, պարի, արվեստի հետ կապված ինչ-որ ազգային կարեւոր բաներ, բայց անհատներն անզոր են ամբոխի առաջ:

Այսօր «պարտականություն» բառը հանել են մեր օրակարգից եւ դրա փոխարեն մտցրել են իրավունքը: Եթե նախկինում կար կին-տղամարդ հարաբերություն, եւ այդ հարաբերության մեջ յուրաքանչյուրը գիտեր ապրելու իր դերն ու ձեւը, ընտանիքում դրսեւորման տարբերակները, ապա այս պահին բոլորին տվել են միայն իրավունքի սահմանաչափը: Եվ մարդկանց ասում են` դուք պետք է դրսեւորվեք, որպես անհատներ, անկախ ընտանիքի գաղափարից, դուք դա ձեր մեջ կրում եք, թե` ոչ: Ի սկզբանե արդեն փչացրել են ընտանիքի գաղափարը: Եվ դա ոչ միայն պետությունից, այլ նաեւ ընտանիքից է գալիս, որովհետեւ երբ աղջիկն ասում է. «Պապ, ամուսինս տաբատը հանում է գցում է բազմոցին, այլ ոչ թե կախում է, ուզում եմ բաժանվեմ»: Հայրը պատասխանում է. «Բալես, ճիշտ ես անում, բաժանվի, արի տուն»: Հայրը չի մտածում, որ քանդում է աղջկա ընտանիքն ու չի մտածում հետեւանքների մասին: Այսինքն` այստեղից ամեն ինչ փչանում է: Ծառը, որ արմատից հանես, էլ չի աճի` ո՛չ տերեւ կունենա, ո՛չ էլ բերք կտա: Այսինքն` դու այդ ծառը պոկում ես արմատից, բերում ես քո տան մեջ ես դնում, որպեսզի բերք տա: Իհարկե, բերք չի տա: Ես սա վատագույն տարբերակն եմ ասում, կան նաեւ բացառություններ, որ մարդիկ իրականում պետք է բաժանվեն, որից հետո կարելի է շատ ավելի լավ ընտանիք կազմել: Կամ երբ փողոցում նայում եմ մեր այսօրվա տղաներին, 10-ը տղայից 8-ն ինձ համար չի տարբերվում` ինքը տղա՞ է, թե՞ աղջիկ է: Ինչ-որ անհայտ սեռի է: Բոլոր տղաները փորձում են այսօր «պուպուշ» երեւալ: Հայրենիքի առաջին պաշտպաններն այսօր տղաները պետք է լինեն, բայց տղամարդկային այն բրուտալ վիճակն այսօր շատ քիչ տոկոսի մոտ կա: 100 տոկոսից երկու տոկոսն է միայն այսօր փորձում տղամարդ լինել` իր դրսեւորումներով, կեցվածքով, խոսքով, պահվածքով, հագուստով, մազերի ձեւով: Իսկ 98 տոկոսն ինչ-որ անհասկանալի վիճակում է: Հենց այստեղից էլ կարելի է ասել, որ մեղավոր են կառավարության այն շերտերը, որոնք ինչ-որ օրենքներ են քաշում առաջ մեր երկրի համար, որոնք չենք նպաստում հայրենասիրությանը: Տղայի միջից այսօր փորձում են այդ որձը հանել եւ թողնում են ֆիզիկական մարդուն: Հոգեպես տղա չի դաստիարակում ո՛չ մանկապարտեզը, ո՛չ դպրոցը, ո՛չ էլ ընտանիքը: Այսօր ծնողների մեծ մասն ասում է` իմ տղան պետք է չծառայի: Ոչ ոք չի ուզում գնա սահմանին կանգնի: Պայմանագրային ծառայողը ցածր աշխատավարձի պատճաոռվ ուզում է գնալ ուրիշ տեղ աշխատել, որ կարողանա ընտանիք պահի, 18 տարեկան տղան ազատվում է բանակից, որովհետեւ ծնողները չեն ուզում, որ իրենց որդին ծառայի: Արդյունքում` ոչ ոք չի գնում: Բայց եթե մեր սահմանին ոչ ոք կանգնած չլինի, եւ բոլորն այդպես մտածեն, ու մի օր մեկը քացով խփի, դուռը բացի, մտնի քո տուն, այդ ժամանակ մեզ ո՞վ է պաշտպանելու: Հայրենիք սիրելը պետք է սկսվի տնից, որ գնա հասնի մինչեւ սահման:

Կամ եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ մեր յուրաքանչյուր երեւանյան շենքի 10-ը տնից գոնե երկուսը սեփականության իրավունքով հայեր չեն բնակվում` թուրք, հնդիկ, պարսիկ: Մենք տվել ենք աշխարհին այն իրավունքը, որ բոլորն իրավունք ունեն այստեղ սեփականություն ունենալու: Մենք անընդհատ գնում ենք, իրենք գալիս են: Այդպես որ շարունակվի, այնքան են թուրքերն այստեղ բնակվելու ու շատանալու, որ մի օր ասելու են` դուք ինչքա՞ն եք, իսկ մե՞նք ինչքան ենք քանակով, դե վեր կացեք եւ գնացեք այստեղից, ինչպես եղավ 1915 թ.-ին: Ցավ ի սիրտ` մենք քիչ-քիչ մոտենում ենք դրան...

— Ըստ Ձեզ` ազգային արժեքների նկատմամբ այսօր որքանո՞վ են ուշադիր ու հետեւողական:

— Ազգային արժեքներ ասելով` պետք է կարեւորենք մեր հերոսին, մշակութային գործչին, ուսուցչին, զինվորականին: Այսինքն` այն ամեն ինչը, որ կարեւոր դեր է ունենում` մեր ազգային արժեքները, ավանդույթները պահպանելու համար: Այսօր մեր երկրում ապրող եզդիները, որոնք քանակով քիչ են, ավելի շատ են պահպանում իրենց ազգային ավանդույթները, քան մենք: Մենք մոռանում ենք մեր ազգային ինքնության մասին, որոնք շատ կարեւոր են` հայրենասիրության, դաստիարակության, ընտանիքի գաղափարը կրելու, մեծին հարգելու համար, եւ փորձում ենք գնալ ժամանակին համընթաց: Այսինքն` այդ բոլոր արժեքավոր բաները մենք մեր երկրի օրակարգից հանում ենք դուրս, որպեսզի ապահովենք մեզ համար ժամանակակից կյանք: Իսկ ժամանակակից կյանքը մեզ տարավ կործանման: Հանեցինք հայրենասիրությունն «արանքից»` պատերազմում պարտվեցինք, հանեցինք դաստիարակության մոդելը ընտանիքից` սկսեցին բաժանումները շատանալ մեր երկրում:

— Միջոցառումների ժամանակ ավելի շատ ազգայի՞ն, թե՞ ռաբիս երաժշտությունն են նախընտրում:

— Ավելի շատ ռաբիս եւ արտասահմանյան երաժշտությունն են նախընտրում լսել: Շատ հազվադեպ դեպքեր է լինում, երբ ազգային երաժշտություն է հնչում:

— Ընտանիքում ինչպիսի՞ ամուսին, հայր եք:

— Նորմալ է, որ կարող են լինել կոնֆլիկտներ: Ես առհասարակ խաղաղասեր եմ եւ սիրում եմ իմ ընտանիքը:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում