Սիրուշոյի մենահամերգի բացառիկ մանրամասներն ու հայտնի հյուրերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոյի մենահամերգի բացառիկ մանրամասներն ու հայտնի հյուրերը



Tert.am Life-ը գրում է․

EXCLUSIVE

Երեկ Dvin Music Hall-ում կայացավ երգչուհի Սիրուշոյի սպասված մենահամերգը՝ սիրո շնչով, անկեղծ խոստովանություններով և անակնկալներով: Tert.am Life-ը ներկա է եղել մենահամերգին և ներկայացնում է բացառիկ մանրամասներն ու լուսանկարները:

«Հավատում եմ» երգով մեկնարկեց մենահամերգը, որի բաղկացուցիչ մասն էին կազմում սիրո մասին երգերն ու պատմությունները և հենց առաջին նոտաներից հանդիսատեսը երգակցում էր Սիրուշոյին: Սիրո տոնին և սիրո մասին տոմսերը սպառվել էին ընդամենը մեկ օրում, այդպիսով երգչուհին այս համերգը նվիրեց հանդիսատեսին և հարազատներին:



«Համերգը սկսում եմ խոսելով դժվարություններից՝ ինձ համար ևս դժվար շրջան է և հաճախ հենց այստեղ նստած մարդկանց նամակներն ու գրառումներն են օգնում հաղթահարել այս շրջանը և երեկ դա ևս մեկ անգամ ապացուցվեց, երբ նշեցի, որ վատառողջ եմ, իսկ այսօր կան երկրագուներ, որոնք դեղեր են բերել»,- նշեց երգչուհին՝ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին:



Վերջին տարիների ընթացքում երգչուհու մենահամերգների ժամանակ հնչում էին «Արմատ» ձայնասկավառակի երգերը, բայց այս համերգի բաղկացուցիչ մասն էին կազմում երգչուհու լիրիկական երգերը, որոնք կատարելուց առաջ երգչուհին անկեղծանում էր՝ պատմելով, թե ինչպես են ծնվել աշխատանքները:
«Առաջին անգամ սիրահարվել եմ 16 տարեկանում, երբ ծանոթացա Լևոնի հետ, որն այսօր ավելի հեռու է նստել, որ չբարձրանա բեմ: Այդ ժամանակ, երբ նոր էինք ծանոթացել ես պետք է սիրո մասին երգ կատարեի և ամաչում էի՝ մտածելով, որ բոլորը գիտեն՝ սիրահարված եմ Լևոնին, իսկ հիմա վաղուց չեմ ամաչում»,- պատմեց երգչուհին:



Անկեղծանալով երգչուհին պատմեց՝ սիրո մեջ եղել են փուլեր, երբ հաճախ ունեցել են վեճեր՝ չհասկանալով միմյանց:
«Բնականաբար այդպիսի փուլեր ևս պատահել են, իսկ ես սկսեցի գրել նոր երգեր»,- հավելեց երգչուհին՝ կատարելով «Սերը մեր» երգը:

Համերգի ընթացքում երգչուհին կատարեց «My bad» աշխատանքը, որը լսարանի դատին է հանձնել վերջերս և պատմեց, որ երգեր գրելիս նաև ոգեշնչվում է ընկերուհիների պատմություններից:



Ինչպես նշեցինք համերգին ներկա էին Սիրուշոյի հարազատները և երգչուհին նշեց, որ նրանց շարքերում կա մի շատ կարևոր մարդ՝ նրա մայրը՝ Սյուզան Մարգարյանը, որի հետ նրանք կատարեցին «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը: Համերգի ընթացքում նաև Սյուզան Մարգարյանը կատարեց իր «Սերն անցավ» աշխատանքը, որը տևական ժամանակ է ինչ չէր հնչել նրա կատարմամբ:



Համերգին ներկա էին մի շարք հայտնիներ. մասնավորապես՝ Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Ալլա Լևոնյանը, Նունե Եսայանը, Արամեն և այլք: Սիրուշոն բեմ հրավիրեց Ավետ Բարսեղյանին, որպեսզի նա ներկայացնի հաջորդ երգը:
«Իրականում ես միշտ սիրում եմ համերգի բացումն իրականացնել, բայց այժմ ես ուզում եմ ասել՝ Սիրուշո՛ , դու բացառիկ տեսակ ես, բացառիկ երգչուհի, մայր, կին և ուրախ եմ, որ այսօր դու սահմանեցիր նոր նշաձող: Նա նստեց, գրեց ու էլի հաղթեց հենց այս երգով և հենց շատ պարզ բանաձևով՝ իսկական սերը շատ պարզ է, քանի որ պետք է նայել մեզ լույս տվող մարդկանց և ասել՝ սիրում եմ քեզ»,- ասաց Ավետ Բարսեղյանը, որից հետո Սիրուշոն կատարեց «Ինձանից ավել» երգը՝ եզրափակելով մենահամերգը: