Ես միայն ուզում էի, որ իմ գլխավերևում լինի խաղաղ երկինք․ այժմ էլ Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը հանգիստ չէ․ Բերեզովսկի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ես միայն ուզում էի, որ իմ գլխավերևում լինի խաղաղ երկինք․ այժմ էլ Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը հանգիստ չէ․ Բերեզովսկի




Մոսկվայի «Դինամոյի» և «Զենիթի» նախկին դարպասապահը, իսկ այժմ՝ Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին MatchTV-ի հետ հարցազրույցում խոսել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ իր ֆուտբոլային կարիերան սկսելու մասին։


— Դուք ծնվել եք Երևանում։ Ինչպե՞ս է անցել ձեր մանկությունը:

— Ամեն ինչ սովորական է․ սովորել եմ դպրոցում, իսկ 9 տարեկանում սկսել եմ ֆուտբոլ խաղալ, այլ նախասիրություններ չեմ ունեցել։ Խաղացել ենք թե՛ մուտքերում, թե՛ բակերում։

— Ե՞րբ եք հայերեն սովորել:

— Ես չկարողացա ռուսական մանկապարտեզ ընդունվել, ուստի գնացի հայկականը։ Իմ ընտանիքում ոչ ոք հայերեն չէր խոսում, բայց հինգ տարեկանում ես կարող էի սահուն կերպով շփվել հայերենով։ Հետագայում եղբայրս սովորեց այս լեզուն, բայց դա ավելի ուշ։

— Սկզբում այլ դիրքում էիք խաղում, հետո միայն դարպասապահ դարձաք։ Ինչպե՞ս կարող է սկսնակ ֆուտբոլիստը հասկանալ, որ ինքը դարպասապահ է։

— Ես պատահաբար դարձա դարպասապահ: Մեր դարպասապահն անհաջող խաղաց, իսկ մարզիչն էլ հուզված առաջարկեց ինձ կանգնել դարպասում։ Ես մնացի այնտեղ։ Այդ տարիքում դարպասապահ դառնալու համար պետք է կարողանալ խմբավորվել ընկնելու ժամանակ, չվախենալ գնդակից և համարձակ լինել, այլապես դժվար կլինի։

— Հայաստանում Ձեր առաջին առաջնությունում մրցաշրջանն ավարտել եք «Սյունիքում»․․․

— Դա իմ միակ մրցաշրջանն է եղել Հայաստանում։ Շատ բարդ ստացվեց, քանի որ պատերազմական գործողություններ սկսվեցին, իսկ մրցաշրջանի մի մասը հետաձգվեց։ Ավելի ուշ ավարտեցինք առաջնությունը։ Ինձ համար դժվար էր։ Ռմբակոծությունը սկսվեց սահմանամերձ քաղաքում, և այժմ էլ այնտեղ իրավիճակը հանգիստ չէ։ Ես միայն ուզում էի, որ իմ գլխավերևում լինի խաղաղ երկինք։ Մեր մրցակիցները դադարեցին գալ մեր խաղերին։ Ռազմական գործողությունների ժամանակ մենք ոչ մի հանդիպում չենք ունեցել։

— Դուք մասնագիտության համար պահեստային տարբերակ ունեի՞ք:

—Ոչ: Ես անորոշության մեջ էի, դրան նպաստեցին բազմաթիվ գործոններ՝ ԽՍՀՄ փլուզումը, ռազմական գործողությունները, առօրյան։ Ինձ մոտ ամեն ինչ սկսեց արագ փոխվել։

Հետո «Սյունիքի» նախագահն ինձ առաջարկեց տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ։ Ասում էին, որ կարող եմ այնտեղ շարունակել կարիերաս։ «Զենիթի» մասին խոսք չի գնացել, բայց կարող էի հայտնվել արտերկրում։ Այսպիսով, ես տեղափոխվեցի Ռուսաստան:

— Ինչպե՞ս արձագանքեց ձեր ընտանիքը մեկ այլ քաղաք տեղափոխվելուն:

— Մայրս խնամում էր սկեսուրին, որը շատ հիվանդ էր, իսկ հայրս աշխատում էր որպես հանքափոր և հազվադեպ էր տանը լինում։ 14 տարեկանից արդեն անկախ էի ապրում, ինձ միայն քույրս ու եղբայրս էին օգնում։ Այդ պատճառով էլ ամեն ինչ հարթ ընթացավ: