Էվա Խաչատրյանը՝ սիրուհու դերի և համարձակ կերպարի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էվա Խաչատրյանը՝ սիրուհու դերի և համարձակ կերպարի մասին




Թատրոնի և կինոյի դերասանուհի Էվա Խաչատրյանը հաճախ է հեռուստադիտողին ներկայանում համարձակ կերպարներում և «Բարի օր» գեղարվեստական ֆիլմում դերասանուհին մարմնավորել է գլխավոր հերոսի սիրուհուն՝ Սուսոյին: Դերասանուհին Tert.am.life-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց է, ինչ էկրաններին սեքսուալ կանանց մարմնավորելու մտավախություն չունի.

«Ես ընտրում եմ այն դերերը, որոնք ցանկանում եմ մարմնավորել, երբ ստացա Սուսոյին մարմնավորելու առաջարկը, մենք փորձեր ունեցանք, ես հասկացա, որ մեկ այլ գույն ենք ստանալու, այսինքն՝ Սուսոն և Էվան իրար հետ կապ չեն ունենալու, ես էլ ստեղծագործելու հնարավորություն եմ ունենալու: Շատ սիրով եմ աշխատել այս կերպարի վրա, քանի որ գիտեի՝ Սուսոն սպասված է: Նշեմ, որ վաղուց հարմարվել եմ շուկայի թելադրանքին և պահանջներին, իսկ թատրոնում նաև դրամատիկ դերեր կերտելու հնարավորություն եմ ունենում՝ բացահայտելով իմ մյուս դերասանական շերտերը»:

Էվայի խոսքով՝ նախքան առաջարկը ստանալը ծանոթ էր տաքսիստ Հենդոյի կերպարի հետ.

«Շատ տեսանյութեր էի դիտել, սիրում էի այս կերպարը: Վստահ եմ, որ մեր իրականությունում շատ «հենդոներ» և «սուսոներ» կան: Ի դեպ, կերպարը ստեղծելիս՝ մեր դիմահարդարը հենց Սուսոյի նման աղջիկ էր տեսել, այսինքն ուներ «ոգեշնչման աղբյուր»: Այս կերպարները հորինված չեն, վերցված են մեր հասարակությունից, նրանց կարելի է հաճախ հանդիպել: Ես ինքս շատ «սուսոների» գիտեմ: Ռեժիսորների հետ շատ եմ աշխատել, որպեսզի մեր Սուսոն գռոտեսկային չլինի, կան տեսարաններ, որոնք նկարահանել ենք, սակայն ֆիլմում տեղ չեն գտել, օրինակ՝ հատուկ Սուսոյի համար քայլվածք էինք հորինել, որը շատ էր զվարճացնում Գրիգոր Գասպարյանին: Կարծում եմ՝ արդյունքում գտել ենք այն Սուսոյին, որը պետք էր»,-ասաց դերասանուհին:

Էվայի խոսքով՝ բավական հեշտ նկարահանումներ են ունեցել:

«Մհերը շատ լավ խաղընկեր է, մեր տեսարանները շատ հարթ են անցել: Իսկապես լավ մթնոլորտ էր նկարահանման հրապարակում, իսկ դժվարությունները թիմային հաղթահարվել են: Նախքան նկարահանումները հանդիպում էինք ռեժիսորների հետ, քննարկումներ էինք ունենում, աշխատում էինք ամեն դետալի վրա»,-նշեց դերասանուհին:

Ըստ նրա՝ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում ֆիլմի պրեմիերային՝ մեծ սպասելիքներ ունենալով

«Ի սկզբանե հավատացել եմ, որ «Բարի օրը» հաջողելու է: Այդպես էլ եղավ. միայն դրական արձագանքներ եմ լսում, չդադարող sold out-ներն էլ փաստում են ասածս: Շուտով՝ ապրիլի 14-ին և 28-ին, մեր ֆիլմը կցուցադրվի նաև Լոս Անջելեսում: Լիահույս եմ, որ այնտեղ էլ կսիրվի: Առհասարակ, ուրախ եմ, որ «Բարի օր» ֆիլմում նկարահանվել եմ: Առաջին իսկ օրվանից Մհերին ասել եմ, որ մեծ հաջողություն ենք ունենալու, նույնն էլ ասում էի նաև պրոդյուսերներին: Ուրախ եմ, որ ֆիլմն այսքան գնահատված է: Կարծում եմ, որ «Բարի օրը» և ընտանեկան, և ընկերական, և սիրային ֆիլմ է: Մեր իրականությունն է՝ մեր խնդիրներով: Կարևոր խնդիրներ ենք բարձրացրել, դաստիարակչական բնույթ էլ ունի ֆիլմը, ցույց են տալիս՝ ինչպիսին պետք է լինի ընտանիքի մոդելը՝ մերժելով սիրուհու գոյությունը: Ինչպես նաև ամենակարևորը ֆիլմում կա սեր»:

Հավելենք, որ «Բարի օր» ֆիլմը, որի գլխավոր հերոսը տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14-ին, իսկ օրն ու իրադարձությունները տևական ժամանակ չեն փոխվում:

Ֆիլմի ռեժիսորները Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանն են: Գլխավոր դերակատարներն են Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը: Ֆիլմում էպիզոդիկ դերերում կարելի է հանդիպել Գարիկ Մարտիրոսյանին, Մենչին, Արկադի Դումիկյանին, Իվետա Մուկուչյանին և այլոց:

Փոքրիկ դրվագներով են հանդես եկել նաև ֆիլմի ստեղծագործական անդամները, այդ թվում՝ ռեժիսորները, պրոդյուսերներից՝ Արտյոմ Հակոբյանը և այլք: Հավելենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է: