«2018-ին ես սխալվել եմ. Սրբազանի մեջ տեսնում եմ, որ նա կարող է երկիրը արժանապատիվ ներկայացնել». Տիգրան Նալչաջյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«2018-ին ես սխալվել եմ. Սրբազանի մեջ տեսնում եմ, որ նա կարող է երկիրը արժանապատիվ ներկայացնել». Տիգրան Նալչաջյան




Ես ներկա պահին Կիրանցում եմ գտնվում, մուտքի մոտ, որտեղ ոստիկանները չեն թողնում, որ մենք շարժվենք դեպի գյուղ: Ինձ համար սա հայրենիքի համար պայքար է, որևէ քաղաքական, կուսակցական կամ այլ նպատակներ ես չունեմ, բացառապես հայրենիքի ու պետության համար եմ մտածում, այլ ակնկալիքներ չունեմ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջյանը:

Դերասանը կարծում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հաջողություն կունենա, հենց այն պատճառով, որ համախմբումը եկեղեցու շուրջ է:

«Մենք այս պահին գործ ունենք շատ մեծ հեղինակություն ունեցող հոգևորականի հետ՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, ով կկարողանա համախմբել բոլորին, ու ինքը շատ ճիշտ ճանապարհով է գնում, ինքը միշտ ասում է, որ օրակարգ ունի, ու ես այդ օրակարգին հավատում եմ, որովհետև տեսնում եմ, որ ինքը լավ մոբիլիզացնում է մարդկանց՝ բոլոր ոլորտների մարդկանց հետ հանդիպելով: Եկեղեցին դառնում է մեր վերջին հանգրվանը, եթե այս շարժումը չհաջողի ու եթե հանկարծ եկեղեցին պարտվեց, ապա մենք բոլորս ենք պարտվում ու հաղթում է թշնամի պետությունը»,- ասել է դերասանը:

Անդրադառնալով 2018 թվականի հեղափոխությանը, իր ակտիվ մասնակցությանը, շարժումների տարբերությանը՝ Նալչաջյանը նշեց.

«Ինձ մոտ մի բան չի փոխվել, որ երկու դեպքում էլ իմ մոտիվացիան ապահով, զարգացած Հայաստան ունենալն է, այն ժամանակ վիճակը օրհասական չէր, և ամեն ինչը դիտարկում էինք զուտ քաղաքական դաշտի տիրույթում: Անձնական մի բան նշեմ, որ 6 տարի առաջվա իմ գիտելիքները պետության, քաղաքագիտության և այլ հարցերում նույնը չի ինչ հիմա»:

Նա նշում է, որ 2018 թվին մտածում էի, որ գնա այն մեկը որից մենք հոգնել էինք, գա նոր թարմ ուղեղ, բայց եղավ այն ինչ եղավ:

«Ես համարում եմ, որ ես սխալվել եմ, ես նույնիսկ գտնում եմ, որ մեղավոր էլ եմ եղել, դրա համար ես հրապարակային ներողություն եմ խնդրել: Այն ամենը ինչ տեղի է ունենում Հայաստանում լոգիկայից հեռու է, այն մարդիկ, որ եթե մտածենք դավաճան չեն, հող չեն հանձնել, պարզ է, որ չեն կարողանում կառավարել, ամոթ է այն, որ իրենք են ներկայացնում մեր երկիրը՝ պարտված վիճակով, անընդհատ թշնամու ցանկությունները կատարելով: Այո 2018 թվին ես սխալվել եմ»,- նշեց Նալչաջյանը:

Անդրադառնալով մշակութային գործիչների ակտիվությանը և 2018 թվականին իր այն արտահայտությանը, որ մշակութային գործիչները չպետք է հեղափոխության վերջում միանան, այլ սկզբում, որ համախմբեն, դերասանը նշեց.

«Ես սովորություն չունեմ առաջին շարքում կանգնել, բեմահարթակ բարձրանալ չեմ սիրում, ես ընդամենր +1 քաղաքացի եմ, որ գտնվում է այդ վայրում: Վերջին պահին շատերն են միանալու շարժմանը՝ գործարարներ, քաղաքական ուժեր, այդ թվում մշակութային գործիչներ, բայց այն մարդիկ ովքեր 2018-ին միացել են վերջին պահին, բայց հիմա ձայն չեն հանում, դա չեմ ընդունում, որովհետև, եթե այն ժամանակ ամեն մեկն իր ոլորտից էր դժգոհում, հիմա ավելի կարևոր արժեքային հարցեր կան, կորցրած տարածքները հետ բերելը կամ անհնար է, կամ արյան գնով»:

Խոսելով մտավախությունների մասին, որ պատմությունը կարող է կրկնվել՝ Նալչաջյանը նշում է.

«Հիմա օրինակ եթե համեմատենք կրթական ցենզը, այն ժամանակ մենք գործ ունեինք կրթություն չունեցող վատ լրագրողի հետ, ով որ լավ համբավ չուներ լրագրողական դաշտում, որը ես հետո եմ իմացել, այս պարագայում եմ շատ լուրջ կրթություն ունեցող 6 գրքի հեղինակ, եկեղեցին ներկայացնող բարձրաստիճան հոգևորականի հետ գործ ունենք:

Օրինակ ես 2021 թվականին առանց վարանելու գնացել և ընտրել եմ «Հայաստան» դաշինք՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, որովհետև ինձ պետք էր մարդ, ով ի վիճակի էր նստել Ալիևի ու Էրդողանի դիմաց ու արժանապատիվ ներկայացնի Հայաստանը:

Ես չգիտեմ, Սրբազանը վարչապետ կառաջադրվի թե ոչ, բայց ես տեսնում եմ իր մեջ այն, որ նա կարող է երկիրը արժանապատիվ ներկայացնել»: