«Մեջտեղից կիսվելով փորձում եմ մի բան ստեղծեմ, մի օգուտ տամ մեր պետությանը, բայց ախր մի քիչ էլ պիտի «պետությունենք» ուզեն․․․»․ Գարիկ Պապոյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեջտեղից կիսվելով փորձում եմ մի բան ստեղծեմ, մի օգուտ տամ մեր պետությանը, բայց ախր մի քիչ էլ պիտի «պետությունենք» ուզեն․․․»․ Գարիկ Պապոյան




Երկար պատրաստություններից, մի շարք գովազդային արշավներից ու ոգերությունից հետո Ծաղկաձերում նոր մշակութային երաժշտավայր դառնալու հեռանկարներ ունեցող Coma club-ը չի բացվի, հայտնել է հումորիստ, դերասան, երաժիշտ Գարիկ Պսպոյանը, որի նախաձեռնությամբ էլ ակումբը պետք է գործեր Ծաղկաձորում։

«Տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը Ծաղկաձորի տուրիստական սեզոնն է»,-սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութում բացատրել է Գարիկ Պապոյանը։ Նա նշել է՝ Coma club-ը եղել էր երազանք, որը դերասան, երաժիշտի խոսքով՝ պիտի «նոր, աննախադեպ մշակութային շունչ հաղորդեր Ծաղկաձորին՝ ստեղծելով նոր՝ երաժշտական «ուիքենդային» մշակույթ»։


«Ակումբն ունի տասնյակ աշխատողներ, յուրաքանչյուրը՝ 3-4 հոգանոց ընտանիքի մատակարար, ու այն, ինչ քաղաքապետարանն արեց բացումից օրեր առաջ, չանելով դա գարնան պասիվ ամիսներին, ես համարում եմ կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբությունների տոտալ անտիրապետում։ Սա մեզ համար հսկայական ներդրում էր, լավ մարդկանց ու տաղանդավոր արտիստների հսկայական հոսք դեպի Ծաղկաձոր քաղաք։ Բայց մենք խոստացված ասֆալտապատման փոխարեն բացվելուց օրեր առաջ ունենք այս պատասխանը։ Անհավանական վատություն արեցիք մի ամբողջ թիմի, ովքեր իրենց քաղաքից եկել էին Ծաղկաձոր քաղաքին օգուտ տալու»։

Տեսանյութի նկարագրության հատվածում Գարիկը նաեւ հավելել է՝ «Էսքան պարտությունների ու հիասթափության մեջ, մեկ ա մեջտեղից կիսվելով ու իմ ունակությունների չափով փորձում եմ մի բան ստեղծեմ, մի օգուտ տամ մեր պետությանը: Բայց ախր մի քիչ էլ պիտի «պետությունենք» ուզեն..․»։

Գարիկ Պապոյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութին արձագանքել է նաեւ Ծաղկաձորի համայնքապետարանը։

«Հարգելի՛ Գարիկ Պապոյան

Ծաղկաձոր համայնքում իրականացվում են սուբվենցիոն եւ համայնքային ներդրումային ծրագրերի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ:
Աշխատանքները իրականացվում են ըստ նախագծերի եւ ըստ եղանակային պայմանների:

Համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների եւ հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թէ խոչընդոտ հանդիսանալու որեւէ տնտեսվարողի համար:

Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքային գործընթացների մեջ, այլ վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը:

Տվյալ թաղամասը երբեւէ կոյուղագիծ չի ունեցել եւ ամբողջ կոյուղին լցվում էր հարակից գետը եւ վնասակար ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա: Հիշեցնենք, որ Ձեր շինության կոմունիկացիաները անցկացնելու ընթացքում դուք եւս վնաս եք հասցրել եւ անանցանելի դարձրել տվյալ ճանապարհը: Կոյուղագծերի աշխատանքների ավարտից հետո անմիջապես կսկսվեն ճանապահի հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները:

Հավելենք, որ տվյալ աշխատանքները կատարվում են ոչ թէ ընտրյալ 30-40 հոգու համար այլ մոտ 2 000 տեղաբնակների եւ տարեկան 100 000-ավոր այցելուների հետագա բարեկեցության եւ հարմարավետության համար»
,-ասված է հաղորդագրության մեջ։