«Երկրում տիրող ցանկացած դեպք ինձ անհանգստացնում է, բայց աշխատում եմ չխառնվել, դա շատ պատասխանատու է». Մագա Հարությունյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երկրում տիրող ցանկացած դեպք ինձ անհանգստացնում է, բայց աշխատում եմ չխառնվել, դա շատ պատասխանատու է». Մագա Հարությունյան



Tert.am Life-ը «Բոլոլա» նախագծի, Սուրենի հետ հարաբերությունների ու բամբասանքների, վատ մեկնաբանությունների, կյանքում հանդիպած դժվարությունների ու մեր երկրում տիրող քաղաքական խառնաշփոթի մասին զրույցել է դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանի հետ:

«Բոլոլա»-ն ինձ հաջողություն բերեց

Այս պահին զբաղված եմ «Բոլոլա» նախագծում, այլ նախագծերից կան առաջարկներ, բայց հրաժարվում եմ: «Բոլոլա»-ն շատ եմ սիրում, սկսած թիմից ու աշխատանքից: Ինձ այս նախագիծը միանշանակ հաջողություն է բերել:

Կերպարիս՝ Լիլիթին բոլորը սիրում են: Որքան կտևի «Բոլոլո» նախագիծը, չեմ ուզում չակերտները բացել, որովհետև դա պետք է պաշտոնապես հայտարարվի:



Այս նախագծում բոլորի հետ արդեն ծանոթ էի, իմ ընկերներն են: Աշխատանքը պրոֆեսիոնալ թիմի հետ հաճույք է: Հաճույք ստանալ քո մասնագիտությունից ու աշխատանքից, դրանից ավելի լավ բան չկա:

Թե՛ կերպարս, թե՛ հագուստս միշտ քննադատության կիզակետում է եղել

Սոցցանցերում հիմա մի քիչ պասիվացել եմ, որովհետև, ամեն դեպքում նոր ընտանիք ենք, և զբաղվածությունս այդ ուղղությամբ է: Անձնականում ամեն ինչ շատ լավ է, գոհ եմ, բայց դեռևս շոկային նորություն չունեմ: Իմ ու Սուրենի ամուսնության մասին բամբասանքները հանդարտվեցին, թե դեռ շարունակվում են, անկեղծ, ես շատ անուշադիր եմ, ու չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին, քանի որ մինչև իմ ու Սուրենի հարաբերություններն էլ բամբասանքներ ու տհաճ խոսակցություններ միշտ էլ եղել են իմ կյանքում:



Ամեն ինչի հետ կապված, թե կերպարիս, թե հագուստիս, թե իմ գործունեության միշտ քննադատության կիզակետում եմ եղել: Դրա համար ես շատ սովոր եմ այդ ամենին, և ուշադրություն չեմ դարձնում: Վատ մեկնաբանություններին ու ֆեյքերին ուշադրություն դարձնելն իմ կողմից մանկամտություն կլինի: Եթե ինչ որ մեկը գրում է վատ բան ու չունի անգամ նկար, անուն, ինչպե՞ս կարող ես լուրջ վերաբերվել: Չի կարելի ժամանակ ու էներգիա ծախսել, կամ տրամադրություն փչացնել նմանների համար: Սկզբում անսովոր էր, կամաց-կամաց սովորեցի:



Ինձ ոչինչ հեշտ չի տրվել

Իմ կյանքում ոչինչ հեշտ չի եղել, հստակ չեմ կարող ասել որն էր ամենաբարդ փուլը, բայց ամեն քայլն իմ կյանքում եղել է դժվար: Ուղղակի ես շատ լավատես եմ ու չեմ բարդացրել ամեն ինչ, անցել եմ առաջ:

Ինձ, իրոք, ոչինչ հեշտ չի տրվել: Անհնարին ոչինչ չկա, եթե Չինաստանում 7 տարեկան երեխան կարող է մեքենա հորինել, ես 27-ում ինչ էլ ուզեմ՝ կարող եմ ունենալ: Դրա համար պետք է ձգտում, մոտիվացնող շրջապատ:

Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց քաղաքական կարծիքը փորձում են բարդել ուրիշի ուսերին

Երկրում տիրող ցանկացած դեպք ինձ անհանգստացնում է, բայց աշխատում եմ չխառնվել, որովհետև դա շատ պատասխանատու է: Ժամանակին հայտնել եմ իմ կարծիքը, բայց հիմա խուսափում եմ, որովհետև, երբ մեծ լսարան ունես ու այդ լսարանը հետևում է քո խորհրդին, շատ ռիսկային է: Չեմ ուզում սխալվել, չեմ համարձակվում հորդորել ինչ որ բան անել:



Ցանկացածի կարծիքն ու դիրքորոշումը հարգում եմ, երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր իրենց քաղաքական կարծիքը փորձում են բարդել ուրիշի ուսերին: Ու նաև զարմանում եմ, որ տարբեր քաղաքական հայացներ ունեցող մարդիկ վիճում են, կռվում, բաժանվում: Սխալ եմ համարում, բայց անգամ այդ մարդկանց որևէ կոչ չեմ ուզում անել, խորհուրդ տալը դժվար ու պատասխանատու եմ համարում: