Կամավորագրված և զորակոչված անձանց աշխատատեղը կպահպանվի, կհաշվարկի աշխատանքային ստաժ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կամավորագրված և զորակոչված անձանց աշխատատեղը կպահպանվի, կհաշվարկի աշխատանքային ստաժ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը




Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն` կամավորագրված, զորագրված անձանց աշխատատեղը պահպանվելու է, ինչպես նաև հաշվարկվելու է աշխատանքային ստաժ` այդ ժամանակահատվածի համար:

Նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը. «Նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որը առաջանում է աշխատողի և գործատուի միջև` կախված աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերի հետ»,- ասաց պատգամավորը:

Տիգրանյանի խոսքով` առաջարկվում է սահմանել, որ զորակոչված քաղաքացիների աշխատատեղը պահպանվում է, այդ ժամանակահատվածի համար աշխատողը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրության հարաբերությունները կարգավորվում են կողմերի համաձայնությամբ: Առաջարկվում է նաև, որ զինվորագրված աշխատող անձանց համար այդ ժամանակահատվածը դիտարկվի որպես աշխատանքային ստաժ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ողջունեց նախագիծը, սակայն ընդգծեց` հարցին մյուս կողմից էլ պետք է նայել, քանի որ կամավորագրված կամ զորակոչված քաղաքացու աշխատատեղի պահպանումը կարող է խնդիր առաջացնել գործատուի համար` նրա աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց` գործատուի համար չկա որևէ արգելք ընդունելու փոխարինող աշխատողի` մինչև իր հիմնական աշխատակցի վերադառնալը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց, թե զինվորագրված կամ կամավորագրված աշխատողի գործատուն արդյոք պարտավոր է վճարել վերջինիս այդ ժամանակահատվածի համար:

«Ուզում եմ հստակեցնել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով արդեն իսկ սահմանված են զինվորական վարժանքների և զորավարժությունների դեպքում վճարման պարտականությունները: Այս դեպքում մենք սահմանում ենք լրացուցիչ երաշխիք, եթե գործատուն կկամենա և աշխատողի հետ եթե կգան համաձայնության, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված կլինի, որ զորահավաքային զինծառայության կամ կամավորագրվելու դեպքում վճարում է գործատուն, ապա նա կվճարի, սա լրացուցիչ երաշխիք է»,- արձագանքեց Հերիքնազ Տիգրանյանը:

Հիմնական զեկուցողը կրկնեց` Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի համաձայն` զորակոչված անձինք արդեն իսկ հավասարեցվում են զինծառայողի կարգավիճակին և պետությունից ստանում վարձատրություն: Տիգրանյանը նաև ընդգծեց` առաջարկվող հոդվածներում տեղ գտած փոփոխություններն ունենալու են հետադարձ ուժ. դրույթները տարածվելու են սեպտեմբերի 27-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Քաղաքական մեծամասնության պատգամավորը հայտնեց, որ Կառավարությունում քննարկվում է նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության համակարգին առնչվող փոփոխություններ` նոր երաշխիքների ավելացում: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տարընթերցումներից խուսափելու համար իր ելույթում մանրամասնեց.

«Մարդիկ կան, որոնք գնում են զինկոմիսարիատ, գրանցվում ու մեկնում առաջնագիծ, կամ էլ զինկոմիսարիտն է նրանց զորակոչում, երկու դեպքում էլ, եթե այդ մարդիկ համարվում են պահեստազորի ռեզերվ, համարվում են զինծառայող ու վարձատրվում են: Այսինքն և ծանուցագիր ստացածները, և չստացածները, որոնք գնում են զինկոմիսարիատների միջոցով և համարվում են պահեստազորի անդամ, վարձատրվելու են»:

Հետևաբար ստացվում է, որ ռազմական դրության ժամանակ զորակոչված անձինք հավասարեցվում են զինծառայողի կարգավիճակին և նրանց վրա տարածվում են զինծառայողների ապահովագրության երաշխիքները:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 85 կողմ ձայնով:


Լուսանկարում` Հերիքնազ Տիգրանյանը:
Նյութը՝ հետք․am