20 փաստ դերասան Անդրանիկ Հակոբյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

20 փաստ դերասան Անդրանիկ Հակոբյանի մասին




Թատրոնի եւ կինոյի դերասան Անդրանիկ Հակոբյանը հեռուստադիտողների լայն զանգվածին քաջ ծանոթ է «Երդում» եւ «Կույր աշխարհ» հեռուստասերիալներից։ Վերջինում նրա կերպարին՝ Դավիթին, ոչ միանշանակ են ընդունում․ ոմանք համակրում են հաճելի արտաքինով, գլխավոր հերոսուհուն նվիրված հերոսին, ոմանք էլ մեղադրում նրան՝ ֆիլմի սիրահար զույգի՝ Ռոզայի եւ Կարենի մեջտեղում հայտնվելու համար։ Իհարկե, թատրոնի բեմում ու կինոյում Անդրանիկը մարմնավորում է կերպարների, որոնք իր հետ կապ չունեն, բայց ինչպես հաճախ է պատահում, հեռուստադիտողը սիրում է ասոցացնել կերպարին ու դերասանին։

NEWS.am STYLE
-ը «20 փաստ» խորագրում փորձել է բացահայտել Անդրանիկ Հակոբյանին՝ էկրանի հակառակ կողմից։



Ինչի՞ մասին էիք երազում մանուկ հասակում:

Փոքր հասակում երազում էի դառնալ զինվորական, հետո տիեզերագնաց, ռոք աստղ, նույնիսկ մի ֆիլմից ոգեւորված՝ երազում էի դառնալ Ռոբոտ ոստիկան։ Հետո հասկացա, որ եթե դերասան լինեմ, բոլոր մասնագիտություններն էլ կկարողանամ մարմնավորել:

Ինչի՞ մասին եք երազում այսօր:

Այսօրվա իմ երազանքներից մեկն այն է, որ ստեղծագործեմ ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։

Ձեր կյանքի մեծագույն ձեռքբերումը:

Ես դեռ 28 տարեկան եմ, ու այս պահին իմ ամենամեծ ձեռքբերումը իմ կինն է, իսկ մասնագիտական ամենամեծ ձեռքբերումը՝ թոշակի գնալուց հետո նոր կկարողանամ պատասխանել:



Ձեր կարգախոսը:

Հավատալ, սիրել, պայքարել ու երբեք չկորցնել հույսը։

Ամենամեծ հիասթափությունը:

Հիասթափությունների վրա աշխատում եմ չկենտրոնանալ, որովհետեւ իմ կարգախոսում կա չկորցնել հույսը։ Ինձ համար հիասթափությունները ակնթարթ են տեւում: Կյանքը այնքան հրաշք բան է, որ չարժե կենտրոնանալ հիասթափությունների վրա:

Տարօրինակ սովորություններ ունե՞ք:

Երեւի, ավելի շատ շրջապատիս մարդիկ կարող են ասել, թե ինչն է իրենց համար տարօրինակ, որովհետեւ այն, ինչ ես անում եմ, ինձ համար տարօրինակ չէ:



Իսկ վատ սովորություննե՞ր:

Ծխելը։

Ո՞րն է, ըստ Ձեզ, Ձեր բնավորության ամենադրական գիծը:

Իմ ամենադրական գծերից իմ դրական մտածելն է:

Իսկ բացասակա՞նը:

Ամենաբացասական գծերից մեկն այն է, որ շատ ինքնաքննադատ եմ ու երբեմն ինձ թերագնահատում եմ:

Ի՞նչը չեք ների կյանքում:

Ես ամեն ինչ միշտ փորձում եմ ներել ու արդարացնել իմ մեջ: Թերեւս, չեմ կարողանում ներել բանսարկությունները ու ի պատասխան իմ վստահության՝ մեջքից հարվածները:



Ինչի՞ց եք ամենից շատ վախենում:

Ամենաշատը վախենում եմ սիրելի մարդկանց կորցնելուց: Նաեւ՝ մորեխներից (ծիծաղում է)։

Իսկ ֆոբիաներ ունե՞ք:

Իմ ֆոբիաներից մեկը վախն է բարձրությունից, մյուսը՝ երբ ծովի կամ օվկիանոսի կենտրոնում չեմ տեսնում հորիզոնում ցամաք:

Ո՞րն է Ձեր սիրելի ֆիլմը:

Սիրելի ֆիլմեր շատ կան, կառանձնացնեմ «Քաղցր կյանք»-ը, «Փախուստ Շոուշենկից», «Մեր մանկության տանգոն»...

Սիրելի գիրքը:

Սիրելի գրքերից մեկը՝ Պեր Լագերկվիստ՝ «Բարաբա»։



Ի՞նչ հոբբիներ ունեք:

Սիրում եմ ֆիլմեր եւ հետաքրքիր հաղորդումներ դիտել, երբեմն՝ սպորտով զբաղվել։

Ինչպիսի՞ն է «Կույր աշխարհ»-ի Ձեր կերպարը Ձեզ համար:


Դավիթը կրթված, նպատակասլաց երիտասարդ է՝ ապահովված ընտանիքից: Սովոր է, որ կյանքում միշտ պետք է հասնի իր ուզածին բայց, միեւնույն ժամանակ, զուրկ չէ բարոյականությունից։ Ինքնասիրություն ունեցող, երբեմն՝ տաքարյուն, երբեմն՝ սառը դատողությամբ։ Որոշումները կայացնում է կտրուկ եւ միեւնույն ժամանակ՝ հանգիստ:



Ինչպիսի՞ նախագծում եք Ձեզ պատկերացնում հաջորդիվ:

Իմ հետագա պատկերացումները հասնում են մինչեւ Հոլիվուդ, հիմա չեմ ուզում շատ շտապել ու առաջ ընկնել․ կնկարահանվեմ այնտեղ, որտեղից լինի լավ առաջարկ, ինչո՞ւ չէ, նաեւ սիթքոմային նախագծերում կցանկանայի ինձ փորձել:

Ո՞րն է Ձեզ համար ամենահիշարժան կերպարը, որին մինչ օրս մարմնավորել եք:

Մինչ օրս մարմնավորած կերպարներից կառանձնացնեմ Բրիկը՝ «Կատուն շիկացած տանիքին» ներկայացումից, Վիգոն՝ «ՕԹԹԿ» ֆիլմից, Դանիելը՝ «Երդում» հեռուստասերիալից։

Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր կյանքը 10 տարի անց:

Չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել․ կապրենք կտեսնենք: