Լրահոս

«Գրիգն ինձ ամեն կերպարում սիրում է». Սոնա Եսայանը փոխել է մազերի երանգը




Սոնա Եսայանի նոր լուսանկարները նրա հետեւորդներին ստիպել էին ենթադրել, որ ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ կարճացնելով եւ գունափոխելով մազերը: Պարուհին, սակայն, BRAVO.am-ին նա ասել է, որ անդավաճան թխահեր է, իսկ նոր սանրվածքը ստացել էր կեղծամի միջոցով:

«Որքան էլ փոփոխությունների սիրահար եմ, մազերս մեծ դժվարությամբ կկտրեմ. կարճ սանրվածք չեմ սիրում: Եթե որոշեմ կտրել՝ փոփոխությունն էական կլինի, արդյունքից չեմ վախենա: Մեր նոր նախագծի շրջանակում ամեն անգամ փորձում եմ յուրովի ներկայանալ, կարծես արձագանքը մեծ է լինում. դրական կարծիքներ եմ լսում: Այս անգամ Անի Ավդալյանի հետ որոշեցինք՝ կարճ մազերով շիկահեր լինեմ: 7-8 տարի առաջ նման սանրվածքով եմ եղել: Մի օր ինձ էկրանին տեսա ու հասկացա՝ այդ գույնն ընդհանրապես ինձ չի սազում եւ մեծացնում է: Փորձում եմ մազերիս բնական գույնը չփոխել: Բայց երբ այս կեղծամով ինձ տեսա, այդ տարիները հիշեցի, հաճելի հիշողությունների գիրկն ընկա: Արձագանքները տարբեր են, իսկ Գրիգն ինձ ամեն կերպարում սիրում է. իր մեջ էլ հաճելի հիշողություններ արթնացան. երբ ծանոթացանք, շիկահեր էի»,- պատմել է Սոնան:



Ոճափոխությունը նրա համար սովորական երեւույթ է.«Մի օր կարող եմ դասական կերպարում լինել, հաջորդ օրը՝ սպորտային հանդերձանքով: Ինձ ավելի շատ սպորտային ոճն է հոգեհարազատ: Երեւի մասնագիտությանս հետ է կապված: Եթե հատուկ հանդիպումներ չեմ ունենում, իմ սիրելի հագուստներն եմ հագնում»:

Աշխատանքային ակտիվ փուլում են.«Մեր երեկոները շատ թեժ են անցնում՝ աշխատավայրում: Առաջիկայում հաստատ արձակուրդ չենք ունենա. նույնիսկ դրա մասին մտածելու ժամանակ չունենք: Կորոնավիրուսի պատճառով մի շարք գործեր չեղարկվեցին. պետք է ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա մեկնեի՝ վերապատրաստման: Ուկրաինայում իմ սիրելի երգչի համերգն էր լինելու, տոմսերն արդեն գնել էինք, բայց չեղարկվեց: Չեմ բողոքում, բոլորին առողջություն եմ մաղթում եւ ուզում եմ՝ պահպանեն հակահամաճարագային կանոնները, որ կարողանանք շուտ վերադառնալ մեր բնականոն կյանքին ու շարունակենք լիարժեք ժպտալ»,- եզրափակել է նա: