Լրահոս

«Ռոման» աջակցում է Մխիթարյանին. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը




Իտալական La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է Արցախա-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողություններին՝ տեղեկացնելով, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանգստի հնարավորություն ստանալ ակումբի կողմից:

«Մխիթարյանի համար հեշտ օրեր չեն: Մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղում, և Մխիթարյանի ու նրա ընտանիքի մտքերն այնտեղ են:

Մխիթարյանը համաձայնվել էր մասնակցել «Յուվենտուսի» դեմ խաղին, սակայն այժմ թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան համաձայն է Մխիթարյանի հետ քննարկելուց հետո հանգիստ տրամադրել ֆուտբոլիստին»,- ասված է La Gazzetta dello Sport-ի հոդվածում:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի ավագը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի գործողությունները:

«Լեռնային Ղարաբաղի դեմ ծանր մարտերը շարունակվում են, երկու կողմերն էլ ունեն շատ զոհեր։ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սկսված գրոհները խաղաղ բնակչության դեմ դատապարտելի են։

Այս վայրագությանն ու մարդկության դեմ հանցագործությանը վերջ դնելն անչափ կարևոր է և ունի կենսական նշանակություն:

Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը և դուրս հանի իր գրոհային ուժը, այդ թվում՝ այլազգի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի վրա։

Կոչ եմ անում միջազգային հանրությանն ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ կանխելու համար ևս մեկ ցեղասպանություն»,- գրել էր Հայաստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: