Զինծառայող Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են․ ընտանիքի անդամները դիմել են ՄԻԵԴ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զինծառայող Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են․ ընտանիքի անդամները դիմել են ՄԻԵԴ




Փաստաբան Արտակ Զեյնալյանը հայնտել է, որ հայկական զինված ուժերի երկու զինծառայող Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Իրավաբանների խումբը գերեվարվածների ընտանիքների անդամների անունից դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Մանրամասները՝ Զեյնալյանի ֆեյսբուքյան գրառման մեջ․

«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեցեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։

Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին․
գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020թ զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,
մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը,
ապահովել պատշաճ բժշկական օգնություն։

Քիչ առաջ ծանուցվեցինք, որ Դատարանը 12.10.2020թ գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:

Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները,
տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,
տեղեկություններ նշված երկու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև 22.10.2020թ:

Իրավաբան-իրավապաշտպանների խումբ»