Հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինուժի անմարդկային վերաբերմունքը ցուցադրող տեսանյութերը և լուսանկարները կուղարկվեն միջազգային մարմիններին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինուժի անմարդկային վերաբերմունքը ցուցադրող տեսանյութերը և լուսանկարները կուղարկվեն միջազգային մարմիններին



Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ այսօր ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկար։

Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ:

Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաև թիրախավորելով երեխաների ու տարեցների:

Այնուհետև, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք որեւէ առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաև ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում:

Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ:

Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: