Լրահոս

Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում




Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Քննարկվել է իրավիճակն Անդրկովկասում՝ շեշտը դնելով Լեռնայի Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- ասել է նա:

Պեսկովը նաև նշել է, որ հանդիպան ընթացքում «կարծիքներ են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»։

Նա ընդգծել է, որ «խորհրդակցության մասնակիցները վերստին վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»:

Խորհրդակցությանը մասնկացել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պետդումայի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ նախօրեին Պուտինը «Ռուսաստանը կանչում է» ներդրումային հիմնադրամի համաժողովին մասնակիցներից մեկի խնդրանքով անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ այս հակամարտությունը սկիզբ է առել էթնիկ բախումներից, մինչդեռ ԽՍՀՄ այն ժամանակվա իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել մարդկանց անվտանգության ապահովման համար:

Պուտինն ընդգծել էր, որ «էթնիկ հողի վրա կատարված բացասական իրադարձությունների հետևանքով հայերը ձեռքները զենք են վերցրել և դա անձամբ են արել»:

ՌԴ նախագահի խոսքով՝ «հակամարտության յուրաքանչյուր կողմն իր ճիշտն ունի և հակամարտությունը հեշտ լուծումներ չունի, քանի որ հանգույցը շատ պինդ է կապված»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել»,-կարծիք էր հայտնել ՌԴ նախագահը:

Վերջինս կարևորել էր, որ հարցի կարգավորմամբ մարդիկ կարողանան իրենց ապահով զգալ, արդյունավետ տարածաշրջանային զարգացման պայմաններ, ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունների ապաարգելափակման հնարավորություններ ստեղծվեն:

Պուտինի խոսքով՝ դա հնարավորություն կտար այսօրվա համաժողովի մասնակիցներից շատերին մասնակցել տարածաշրջանի զարգացմանը, ներդրումներ անել:

ՌԴ նախագահը նաև ընդգծել էր, որ առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկային կորուստները, նստել բանակցային սեղանի շուրջ: