Լրահոս

Վարչապետի խոսնակը՝ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու և ռուսական էլիտայի հետ ԼՂ իրավիճակը քննարկելու մասին




Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Նա նաեւ հավելել է. «ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:

Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»: